Հնչել է Արցախի միջազգային ճանաչման ժամը, եւ Սփյուռքը պետք է բարձրացնի այդ դրոշն ամբողջ աշխարհում։ Այս մասին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության թեմերին ուղղած իր շրջաբերական նամակում շեշտել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը։

«Հնչել է Արցախի միջազգային ճանաչման ժամը։ Հատկապես Սփյուռքն իր քարոզչական ու հարաբերական լայն հնարավորություններով կոչված է բարձր պահելու Արցախի ճանաչման դրոշը։ Արդարեւ, քաղաքների, նահանգների ու կազմակերպությունների կողմից ճանաչման որեւէ քայլ իր կարեւոր նպաստը կարող է բերել միջազգային համայնքին կողմից Արցախի անկախության ճանաչման գործում»,- նշված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ֆեյսբուքյան էջում։ Արամ Ա Վեհափառը հանձնարարել է թեմերի առաջնորդ սրբազաններին, ազգային կառույցներին ու հարակից մարմիններին հետեւողական աշխատել Արցախի միջազգային ճանաչման համար։

Նորին Սրբությունը միաժամանակ հիշեցրել է, որ «գործնական բոլոր միջոցներով պետք է շարունակենք մեր ամբողջական ու անվերապահ աջակցությունը Հայոց բանակին։ Հայոց բանակը մեր հպարտությունն է, մեր ազգի ու հայրենիքի գոյության երաշխիքն է, բոլոր ճակատներում մեր հերոս տղաները պայքարում են գիշեր-ցերեկ եւ պատրաստ են իրենց արյունը թափել հանուն Արցախի անկախության»։

Նշվում է նաեւ, որ Վեհափառ Հայրապետը նաեւ հոգեւոր առաջնորդների, միջեկեղեցական կառույցների եւ կազմակերպությունների հետ իր շփումնրում շարունակելու է մեծ կարեւորություն տալ Արցախի ճանաչման հարցին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել