Ադրբեջանի զինված ուժերի զանգվածային ավերածություններն ու վայրագություններն Արցախում հենց այն բանի հետևանք են, որ տարիներ շարունակ միջազգային ու հատկապես մարդու իրավունքների կառույցները հրաժարվել են Արցախ այցերից՝ չնայած մեր բազմաթիվ կոչերին, հրավերներին ու զգուշացումներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Նրանք ողջ եղելությունը պետք է արձանագրեն՝ ֆիզիկապես լինելով Արցախում, պետք է ամեն ինչ իրենց աչքով անմիջականորեն տեսնեն ու ընկալեն:

Ժամանակն է ապացուցելու, որ ամենաբարձր մակարդակով հայտարարվող՝ «Որևէ մեկը չպետք է դուրս լինի եզրագծից ու որևէ իրավունք չպետք է անտեսվի» սկզբունքը ոչ թե գեղեցիկ արտահայտություն է ու պատրանք, այլ իրական կյանքում իրական մարդուն պաշտպանող սկզբունք:

Պետք է ապացուցել, որ երեխայի երջանիկ մանկության իրավունքը, մոր իրավունքը խաղաղ երկնքի տակ դաստիարակելու կամ կյանքն արժանապատիվ վայելելու տատիկ-պապիկների իրավունքը դեռ որևէ մեկը չի վերացրել. որևէ քաղաքական պատճառ չի կարող ազդել մարդու իրավունքների պաշտպանության վրա և վերջ»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 19-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ,  200 անօդաչու թռչող սարք, 566 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6259 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 729 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել