Հերթական անգամ գերմանական առաջատար պարբերականներից մեկը՝ Neues Deutschland-ն իր խմբագիր Փիթեր Շթայնիգերի հեղինակմամբ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին՝ այս անգամ քննադատական շեշտադրումներ հղելով նաև իր երկրի՝ Գերմանիայի «համագործակցությանը» Թուրքիայի հետ: 

«Ժողովրդավարական Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի գլխավոր պատասխանատուներն են՝ Ադրբեջանի ժառանգական բռնապետ Ալիևը և նեոօսմանյան ավտոկրատ Էրդողանը: Բեռլինը դեռ ցանկանում է «գործընկերային» եղանակով թակարդը գցել Էրդողանին և պահպանել չեզոքություն: Դուք արդեն կորցրել եք ձեր դեմքը»,- այս մասին գրում է Գերմանական առաջատար “Neues Deutschland” պարբերականի խմբագիր Փիթեր Շթայնիգերը՝ թերթի խմբագրականում հերթական անգամ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում հարաբերական հրադադարին:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հրադադարի ռեժիմն ուժի մեջ է կիրակի գիշերվանից, ինչը ենթադրում է, որ պետք է վերջ դնի Լեռնային Ղարաբաղում վերջին քառորդ դարի ամենաարյունալի մարտերը: Սակայն կրակը դեռ չի դադարել, մասնավորապես՝ ռուսական դիվանագիտության հաջողությունը բարակ սառույցի վրա է: Մոսկվան, ինչպես և Հայաստանը, շահագրգռված չէր վերսկսել Խորհրդային Միությունում Ադրբեջանի մաս դարձած և բազմազգ պետության փլուզմամբ Բաքվից բաժանված տարածաշրջանի շուրջ երկար սառեցված հակամարտությունը: Սակայն Ռուսաստանը չի ցանկանում և չի կարող ամեն գնով զսպել կրակի աղբյուրն իր հարավային թևում: Լայնածավալ պատերազմի մեջ ներգրավելու ռիսկը չափազանց մեծ է: Արյունահեղության համար զենքը մատակարարվում է բոլոր կողմերից, բայց ժողովրդավարական Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի գլխավոր պատասխանատուներն են Ադրբեջանի ժառանգական բռնապետ Ալիևը և նեո-օսմանյան ավտոկրատ Էրդողանը: ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ռումբեր ու ջիհադական վարձկաններ է ուղարկում: Այն իր հերթին մասնակցում է Լիբիայի նավթի համար պատերազմին և գրավում է Սիրիայի և Իրաքի որոշ տարածքներ՝ այդպիսով ստեղծելով փախստականների խնդիրը, որով թեկնածու երկիրը մինչ այժմ հաջողությամբ շանտաժի է ենթարկում ԵՄ-ին: Բեռլինը, մասնավորապես, դեռ ցանկանում է «գործընկերային» եղանակով թակարդը գցել Էրդողանին և պահպանել չեզոքություն: Դուք արդեն կորցրել եք ձեր դեմքը»:

Թարգմանությունը՝ Աննա Վարդանյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել