Առաջին հայացքից սովորական և հերթական թվացող այս կտրոնի հեղինակը Հովսեփ Ենգոյանն է։ Կարծում եմ՝ այս ուղղանկյուն սպիտակ թուղթը հայի կամքի, ապրելու և ապրեցնելու ձգտման, զինվորի մեջքին կանգնելու, հայրենիքին սատարելու վառ ապացույց է։ 89֊ամյա Հովսեփ Ենգոյանը՝ մեր Հովսեփ պապը, համագյուղացիս է, Շիրակի մարզի Արփենի գյուղի բնակիչ, ով իր երկար տարիների խնայողությունը՝ 1,000,000 դրամը, նվիրաբերեց Համահայկական հիմնադրամին՝ հանուն մեր պատմության փառավոր անցյալի, հանուն այսօրվա հաղթանակի և հանուն վաղվա լուսավոր ապագայի։ Հովսեփ պապը գյուղի պստմության կենդանի վկայությունն է իր լավ և վատ հիշողություններով։ Նավապետ, նկարիչ, բանաստեղծ, այգեգործ, մեղվաբույծ պապի տնակը՝ «կապույտ դրախտը»՝ շրջապատված սեփական ձեռքերով տնկած մրգատու ծառերով, գտնվում է գյուղի սկզբնամասում։ Այստեղ կարելի է համտեսել Արփենիի անուշաբույր ծաղիկներից պատրաստված անուշահամ մեղր։ Հովսեփ պապը տարիներ առաջ սեփական միջոցներով Արփենիում խաչքար տեղադրեց Եղեռնի զոհերի հիշատակին։ Աշխատասեր, բարի, հյուրասեր, հյուրընկալ և հայրենասեր մեր պապը սեփական օրինակով ցույց է տալիս, որ հայրենիքը սիրում ու նրան ծառայում են անկախ տարիքից, տեղից և ժամանակից։ Եվ այս ազգին ուզում են հաղթե՞լ։ Վստահ եմ՝ #հաղթելու ենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել