Ողջունելով 14 կուսակցությունների հայտարարությունը՝ հրատապ կարգով ստեղծելու ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին, պետք է հասկանանաք, որ սա նաեւ արձագանք է համազգային մոբիլիզացիայի վերաբերյալ իշխանությունների կոչի։
Մոբիլիզացիան միայն առաջնագիծ զինվոր ուղարկելը չէ, եւ ոչ էլ միայն համազգային դրամահավաք է։ Համազգային մոբիլիզացիան պետք է վերաբերվի նաեւ ազգի ինտելեկտուալ ու կազմակերպչական ռեսուրսների եւ փորձի մեկտեղմանը։
Երբ կոչ ենք անում, որ բացի գործող բանակից ճակատ գնան նաեւ նրանք, ովքեր արդեն իրենց պարտքը կատարել են, նշանակում է, որ գիտակցում ենք, որ գործող բանակի զինվորները բավարար չեն այս ճգնաժամային պահին։ Երբ կոչ ենք անում դրամահավաքի, նշանակում է, որ եղած բյուջետային միջոցները չեն բավարարում ճգնաժամը հաղթահարելուն, երբ կոչ ենք անում նյութական օգնության, խոստովանում ենք, որ եղած դեղամիջոցները, քնապարկերը, հագուստը եւ այլնը պատերազմական այս վիճակում չեն բավարարում։
Կազմակերպական եւ ինտելեկտուալ ռեսուրսների համախմբումը եւ շուտափույթ մոբիլիզացիան թերեւս ավելի կարեւոր է, քան մնացած ռեսուրսներինը, եւ այս քայլը պետք է առաջիններից մեկը արվեր, քանի որ ակնհայտ է, որ այն փորձը, որին տիրապետում են իշխանությունները բավարար չէ ճգնաժամը հաղթահարելու համար։
Ակնհայտորեն հիմա ժամանակը չէ նախապես հաշվելու, թե ով պետք է վայելի հաղթանակի դափնիները, կամ կրի պարտության պատասխանատվությունը՝ դրա ժամանակը հաստատ կգա ճգնաժամը հաղթահարելուց հետո։ Ու առավելեւս ժամանակավրեպ է հաշվելը, թե ով ինչքան է գողացել՝ դրա ժամանակն էլ հաստատ կգա։ Իսկ սեւ-սպիտակ գունաբաժանումը հիմա արդեն դավաճանություն է։
Հիմա անհրաժեշտ է բոլոր ռեսուրսների համախմբում եւ ճգնաժամի հաղթահարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել