168.am-ը գրում է.

Արցախում ադրբեջանական ագրեսիայի դեմ մարտական գործողությունների ժամանակ զոհված Մառլեն Արտուշի Հարությունյանը 21 տարեկան էր, որպես պայմանագրային զինծառայող՝ մի քանի օր առաջ էր աշխատանքի անցել ՀՀ Զինված ուժերում:

Մառլենն ապրում էր ծնողների, տատիկ-պապիկի և իրենից փոքր 2 քույրերի հետ, տան միակ տղան էր: 168.am-ի հետ զրույցում նրա մտերիմ ընկերը՝ Աշոտ Գասպարյանը, պատմեց, որ Մառլենի հետ 10 տարուց ավելի ընկերություն էին անում, գաղտնիքներն էլ միայն իրար էին վստահում:

      

«Ոչ մեկին նեղություն չէր տալիս, լավությունից բացի, ոչ մի բան չէր անում, այդպիսի տղա էր Մառլենը: Փոքր ժամանակից իրար հետ ենք եղել, ինչ արել ենք՝ իրար հետ ենք արել, այն կիսվելն էլ՝ իրար հետ ենք կիսվել: 8 ընկեր էինք, բայց ինքը միայն իմ հետ էր կարողանում լրիվ կիսվել, ես էլ՝ իր հետ: Մի քիչ բռնկվող բնավորություն ուներ, կարող է՝ ձայն չհաներ-չհաներ, մեկ էլ պահի տակ այնպես պոռթկար, որ ոչ մեկս չկարողանայինք դեմն առնել, դուխը տեղն էր՝ ամենակարևորը, ու ահավոր թասիբով էր: Կլինի 10 տարուց ավելի՝ իրար հետ ընկերություն էինք անում, մինչև հիմա… Անցած տարի ամռանն էր զորացրվել, այդ մի տարվա ընթացքում, Մալիշկայի հացի փռում էր աշխատում՝ հաց էր առաքում խանութներին: Վերջերս էր գրանցվել, որ անցներ  պայմանագրային ծառայության, հենց հրամանը եկավ՝ կռիվը սկսվեց, ու ինքն էլ գնաց…»,- պատմեց Աշոտը:

    

Մառլենը մի քանի նպատակ ուներ՝ պետք է  տունը վերանորոգեր, մեքենա գներ: Հավանած աղջիկ էլ ուներ, ընկերներին ասել էր, որ լավ նայեն, նեղացնող չլինի.

«Սիրած աղջիկ ուներ, որ մի 2 անգամ էր հետը խոսել, ու այդպես էլ մնաց: Ուզում էր՝ տունը ռեմոնտ աներ, մի հատ «դորդ-ջար» առներ, մեկ էլ՝ «սև 07», գնալուց առաջ էլ ասաց՝ հոպարը պիտի «դորջհար» քշի, մեկ էլ ասաց՝ սիրածս աղջկան լավ կնայեք: Ընկերներով ենք տարել, ճանապարհել: Մեկ էլ ասաց՝ պարտադիր, անպայման, 100 տոկոս հետ կգամ…»:

Մառլենը վերջին անգամ հոկտեմբերի 10-ին էր տուն զանգել, հաջորդ օրն էլ ինչ-մեկի միջոցով փոխանցել էր, որ լավ է: Հոկտեմբերի 12-ին՝ գիշերը ժամը 10-ի սահմանում, Մառլենը զոհվել է:

Մառլեն Արտուշի Հարությունյանին երեկ են հուղարկավորել՝ Մալիշկա գյուղում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել