Hraparak.am-ը գրում է․

Վերջին երեք շաբաթում պարենային ապրանքների գներն աստիճանաբար վեր են խոյանում: Համեմատության համար վերցնենք հոկտեմբերի 12-ին եւ դրանից տասն օր առաջ՝ հոկտեմբերի 2-ին, մեկ խանութում արձանագրված ձավարեղենի գները: 

2 հոկտեմբերի․ մակարոն - 240, բրինձ - 346, հնդկաձավար - 490, ոսպ- 400 դրամ 
12 հոկտեմբերի․ մակարոն - 260, բրինձ - 370, հնդկաձավար - 570, ոսպ - 440 դրամ: 
Ֆեյսբուքյան օգտատերերը նկատել են, որ աննախադեպ բարձրացել են նաեւ ծաղկեփնջերի եւ պսակների գները, ինչը պայմանավորված է սգո արարողությունների առատությամբ: Ինչո՞ւ են գները բարձրանում, երբ այս օրերին բավականաչափ տարադրամ է երկիր մտնում: Ըստ տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանի, սրանք ավելի շատ լոկալ թանկացումներ են, որոնք պահանջարկի որոշ աճի հետեւանք են, եւ արագ կլուծվեն: «Ներկրումները նույն տեմպերով շարունակվում են, մեր ազգային արժույթը կայուն է: Իհարկե, չի կարելի այսպիսի իրավիճակում առիթավորվել: Ես հորդորում եմ տնտեսվարողներին, մանավանդ՝ փոքր ու միջին բիզնեսի, որ զերծ մնան գների բարձրացումից: Սա շատ կարճ է տեւելու»,- ասում է նա: Ավետիս Թադեւոսյանը նկատում է, որ պետք է լինի պետական պատկան մարմնի՝ ՏՄՊՊՀ-ի ամենօրյա մոնիտորինգը: «Գները վերահսկելու բավականաչափ գործիքակազմ կա: Այդ հանձնաժողովը պետք է շատ ավելի խիստ ու իրավաչափ գործի, ավելի ինտենսիվ աշխատի այս օրերին: Նման երեւույթների առաջացման որոշ ազդակներ կան: Պահանջարկը երբ որ կտրուկ բարձրանում է, ինչ խոսք, կարող է որոշ տնտեսվարողների մոտ գին բարձրացնելու գայթակղություն առաջացնի: Սա շուկայի պարզ ձախողումներից է, այն չի կարող կարգավորել այս հարցը»: 

Ըստ տնտեսագետի, բոլոր այն պետական ծախսերը, որոնք չեն վերաբերում ռազմական ոլորտին, առանց վերապահման պետք է կրճատվեն, այդ թվում՝ պարգեւավճարները:  
Բյուջեի մասին օրենքը, որը գրվել է պատերազմից ամիսներ առաջ, պետք է ամբողջությամբ ու մանրակրկիտ վերանայվի: «Արդեն իսկ երկու անգամ ԱԺ-ն բյուջեի ծախսերի քննարկումներ է ունեցել եւ վերանայել է: Բայց խնդիրն այն է, որ մենք ունենք նոր իրողություն, որով պայմանավորված՝ պետք է հիմնական ծախսային ու եկամտային հոդվածները վերանայվեն ու վերագնահատվեն, եւ մենք պետք է ունենանք 2021 թվականի պետբյուջեի նոր տարբերակ»: 
Այսօր մարդիկ սպասում են մեծ կորուստների, տնտեսական ծանր հետեւանքների, կարծում են, որ եթե անգամ պատերազմն ավարտվի, լուրջ տնտեսական խնդիրներ ենք ունենալու: Դուք համամի՞տ եք:  

«Ոչ, ես համամիտ չեմ, որովհետեւ լավատեսությունն ինքնին տնտեսական գործոն է, եւ վատատեսական սցենարների հիմք առայժմ չունենք: Բացի դա, մենք ունենք բավական տնտեսական ներուժ՝ պատերազմին դիմակայելու, կայուն զարգացում ապահովելու»: 
Թադեւոս Ավետիսյանը միշտ եղել է սոցիալական տնտեսական մոդելի կողմնակից եւ կարծում է, որ ճիշտ ժամանակն է պետության մասնակցությունը տնտեսության մեջ ընդլայնելու: «Ուղղակի պետք է բոլոր ռեսուրսները կոնսոլիդացնենք ու ընտրենք սոցիալական տնտեսության  մոդելը: Ազատ շուկայական մոդելը չի կարող ապահովել առաջընթաց այսպիսի մարտահրավերների պայմաններում»,- ասում է տնտեսագետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել