Հարգարժան պարոն Շարփ,

Սույն թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը օդային և հրթիռային լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ անխնա գնդակոծելով խաղաղ բնակչությանը, խաղաղ բնակավայրերը, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Պատերազմի մեկնարկից առ այսօր Ադրբեջանի գործողությունները իրականացվել են Մարդու իրավունքների միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով։ Թուրքիայի միջնորդությամբ Սիրիայից և Լիբիայից ներգրավված վարձկան ահաբեկիչների միջոցով (նրանց ներգրավվածությունն ապացուցված է մամուլի, միջազգային կառույցների և մի քանի պետությունների կողմից) տեղի են ունենում պատերազմական հանցագործություններ ընդդեմ խաղաղ քաղաքացիական բնակչության։

Փաստելով, որ․

- Ադրբեջանի նախաձեռնած ռազմաօդային և հրետանային ագրեսիվ հարձակումները դիտավորությամբ թիրախավորում են խաղաղ բնակչությանը՝ կանանց, երեխաներին, տարեցներին,

- նպատակային հարվածներ են հասցվում քաղաքացիական օբյեկտներին և ենթակառուցվածքներին՝ դպրոցներին, մանկապարտեզներին, բազմաբնակարան շենքերին, հիվանդանոցներին,

- թիրախավորվում են քաղաքացիական տրանսպորտային միջոցները,

- խաղաղ բնակչության դեմ հարձակումները ուղղորդվում են էթնիկ ատելության խոսքով,

- էաղաքացիական բնակչությանը թիրախավորելիս կիրառվում են միջազգային իրավունքով արգելված զինատեսակներ (առավել հաճախ՝ կասետային մարտագլխիկներով),

- էթնիկ և կրոնական ատելությամբ թիրախավորվում են մշակութային և հոգևոր ժառանգությունը, մասնավորապես՝ Շուշիի Սբ․ Ղազանչեցոց եկեղեցին, որտեղ գտնվել են կանայք և երեխաներ։

Արձանագրելով, որ․

- այս գործողությունների հետևանքով գրանցվել են քաղաքացիական զոհեր ոչ միայն Արցախում այլ նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս շրջանում,

- ագրեսիայի զոհ են դարձել նաև երեխաներ (զոհված և վիրավորված), տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձ (դիվերսիոն խմբի անդամները տանը սպանել են Հադրութի երկու բնակչի՝ մոր ու նրա հաշմանդամություն ունեցող որդուն),

- իրենց մասնագիտական աշխատանքը կատարելիս հարձակման են ենթարկվել լրագրողական «PRESS» տարբերանշանով և արտահագուստով դեպքերը լուսաբանող լրագրողներ և օպերատորներ (Le Monde պարբերականի 2 լրագրող, 24News.am լրագրող, Armenia TV օպերատորը): Հատուկ թիրախավորվել է նաև նրանց տեղափոխող տրանսպորտային միջոցը,

- Ադրբեջանը կոպտորեն խախտում է Մոսկվայում հաստատված հրադադարը և շարունակում անպատիժ կրակ բացել Արցախի խաղաղ քաղաքների և գյուղերի վրա՝ պատճառելով մարդկային և նյութական բազմաթիվ կորուստներ,

Համոզմունք հայտնելով, որ․

- Մարդու հիմնարար իրավունքները ունիվերսալ սկզբունքներ են, որոնք չեն կարող սահմանափակվել միայն միջազգայնորեն ճանաչված սուբյեկտների սահմաններով,

- Մարդու իրրավունքների պաշտպանությունը պետք է իրագործել առանց նախապայմանների և խտրականության,

Կոչ ենք անում
Որպես ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող՝ օբյեկտիվ գնահատել իրողությունները, չսահմանափակվել միայն դատապարտող կոչերով և ձեռնարկել հրատապ միջոցներ Արցախում հումանիտար աղետը կանխելու նպատակով։

Հարգանքով՝
Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյան

Հանձնաժողովի փոխնախագահ Անի Սամսոնյան

Հ.Գ. Այս նամակը նաև պաշտոնապես ուղարկված է ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել