Այսօր ինձ փոխանցվեց հայ գերիների նկատմամբ ազերի զինուժի մարդասպանների կատարած անմարդկային դաժան վերաբերմունքը փաստող երկու տեսանյութ: Որևէ սթափ տրամաբանությամբ հնարավոր չէ բացատրել, թե ինչպես մարդը կարող է դառնալ այսպիսի գազան, այսպիսի հրեշ:

Ադրբեջանցի զինվորականները միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերի խախտմամբ մարդկանց ենթարկում էին սարսափելի նվաստացման, որից հետո՝ սպանում բացառիկ ցինիզմով:

Այդ տեսանյութերը առավոտից տարածվել են ադրբեջանցի օգտատերերի կողմից սոցիալական ցանցերով, որոնք ունեցել են հարյուրհազարավոր դիտումներ:

Իհարկե, ավելի ուշ այդ երկրի պաշտպանության նախարարությունը հերքել և փորձել է տեսանյութերը համացանցից հեռացնել, բայց մեկ բան աներկբա է՝ տեղի ունեցածը ռազմական հանցագործություն է, տեսանյութերը պատերազմական հանցագործության մասին անհերքելի իրավական ապացույցներ են, և այսօր այդ տեսանյութերը՝ կից պարզաբանմամբ իմ կողմից՝ որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, ուղարկվել են ԵԽԽՎ նախագահին, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակին, ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերին։

Ես րոպե առաջ ակնկալում եմ, որ միջազգային այս կառույցները, որոնք 24-ժամյա ռեժիմով խոսում են մարդու իրավունքից, խոսում են կյանքի իրավունքից, խոսում են խոշտանգումների և նվաստացման բացառումից, Ադրբեջանի զինուժի արարքին պիտի հստակ գնահատական տան՝ որպես պատերազմի հանցագործություն՝ դրանից բխող իրավական բոլոր հետևանքներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել