Հոկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոյի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Զրուցակիցները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրությունը: Նախարար Մնացականյանը ներկայացրեց հոկտեմբերի 10-ին նախարարական մակարդակով ընդունված հայտարարությամբ կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունները և դրանցից հետ կանգնելու Ադրբեջանի քայլերը: Նախարար Մնացականյանի խոսքով՝ Ադրբեջանը, լայնամասշտաբ ագրեսիա իրականացնելով Արցախի ժողովրդի դեմ, դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը  ու կենսական ենթակառուցվածքները, իրականացնելով իրենց վերահսկողության ներքո հայտնված քաղաքացիական բնակչության սպանություններ, ի ցույց է դնում ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու և Արցախի բնակչությանը ֆիզիկապես բնաջնջելու իր իրական նպատակները:

Նախարարը երախտագիտություն հայտնեց Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ կազմակերպության հետևողական դիրքորոշման համար:

Երկուստեք խստորեն դատապարտվեց Ադրբեջանի՝ արտատարածաշրջանային ուժերի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման և կյանքի իրավունքի ոտնահարմանն ուղղված գործողությունները: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել