Hraparak.am-ը գրում է․

Հոկտեմբերի 12-ին Հայաստան ժամանած բժիշկների խմբում հայ եւ ֆրանսիացի բժիշկներ են։ Խումբը նախատեսել է Հայաստանում եւ Արցախում լինել 1 շաբաթ, սակայն, կախված իրադրությունից,  ժամկետը կարող է երկարաձգվել։ Խումբը հավաքել է Ֆրանսիայում աշխատող հայազգի բժիշկ Լեւոն Խաչատրյանը։ Կազմում են վիրաբույժ Ան Մարի Բերժեն, ռեկոնստրուկտիվ վիրաբույժ Պատրիկ Կնիպերը, վիրաբույժ-վնասվածքաբաններ Պիեռ Ժիրարը, Միքայել Չափարյանը եւ բժշկի օգնական Մարի-Լիս Պետին։ Մենք բժիշկների խմբին դիմավորեցինք «Զվարթնոց» օդանավակայանում։

Լեւոն Խաչատրյանը մեզ  պատմեց, թե ինչպես է որոշում կայացրել, հավաքել ընկերներին եւ եկել Հայաստան։ «Ես այս արհավիրքի մասին իմացա սեպտեմբերի 28-ի առավոտյան եւ, բնականաբար, ընկա մտքերի մեջ, որովհետեւ հասկացա, որ խոսքը մեծ արհավիրքի մասին է, այլ ոչ թե ինչ-որ մի լոկալ գործողության։ 28-ի օրվա վերջում ես հասկացա, որ մեծ անելիք է առաջանում։ Ամսի 29-ին արդեն սկսեցի զանգահարել իմ ընկերներին, որպեսզի կարողանամ ստեղծել խումբ, որոնք կգան այստեղ եւ կփորձեն օգտակար լինել։ Մենք խնդիր ունեինք նաեւ նյութեղեն հավաքելու, որովհետեւ ծավալը շատ մեծ էր, ցանկացած երկրում նման կարգի արհավիրքի պարագայում միշտ կարիք է լինում դեղորայքի եւ վիրաբուժական նյութեղենի։ Իմ ընկերները շատ արագ արձագանքեցին, հավաքվեցինք եւ շատ արագ տեղափոխվեցինք Հայաստան։ Ինքս էլ շատ զարմացա, որովհետեւ ֆրանսիացի բժիշկներն ավելի քան պատրաստակամ էին, դա ինձ մի պահ հուզեց նույնիսկ, որովհետեւ ոչ բոլորը կուզենան գալ մի երկիր, որտեղ պատերազմ է։ Համենայնդեպս, իրենք շատ արագ, շատ կոորդինացված ձեւով իրենց «այո»-ն ասացին, նյութեղենի մեծ մասը նաեւ իրենք են հավաքել, այնպես որ՝ որեւէ խնդիր չառաջացավ։ Ես իրենց հետ զրուցելիս ուղղակի հիանում էի իմ ընկերներով։ Հպարտանում եմ իրենցով»,- ասաց հայազգի բժիշկը։

«Ամբողջ հայ համայնքը կոնկրետ այնտեղ, որտեղ ես եմ ապրում՝ Ֆրանսիայում, օրնիբուն զբաղված է դրանով, առավոտից գիշեր բոլորը զբաղված են այդ մտքով՝ օգնել՝ ինչով կարող են։ Նրանք չգիտեին, որ մենք գալու ենք, այդ մասին իմացվեց 2 օր առաջ, ես ստանում էի բավական շատ թվով հաղորդագրություններ՝ մաղթանքներով, օրհնանքներով եւ այլն, բայց իմ գլխում այն էր, որ մենք պիտի հավաքվենք եւ ճամփորդենք»։ Խաչատրյանն ասաց նաեւ, որ ֆրանսիացի գործընկերների հետ զրույց է ունեցել եւ հասկացել՝ նրանք գիտակցում են, թե ուր են եկել, եւ ինչ է կատարվում Արցախում․ «Ես զրույցների ընթացքում տեսնում եմ այն վրդովմունքը, որ իմ գործընկերները փոխանցում են ինձ՝ կապված այս նենգ պատերազմի հետ, երբ, ըստ էության, Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին հարձակվեց Հայաստանի վրա։ Իրենք դա շատ լավ գիտակցում են։ Ես հասկացա, որ իմ կանչից հետո իրենք սկսեցին ավելի ուշադիր լինել ինֆորմացիայի հանդեպ։ Ես ինքնաթիռում իրենց հետ զրուցելիս հասկացա, որ իրենք շատ մտահոգ են, վրդովված են եւ հետագայում իրենք իրենց տեսածներն ու ապրումները կփոխանցեն իրենց շրջապատին, եւ Ֆրանսիայում ու Եվրոպայում կձեւավորվի հասարակական կարծիք, ինչը երկարաժամկետ իմաստով կունենա վճռորոշ նշանակություն։ Մեզնից 3 բժիշկ կմնա Գորիսում, այնտեղ իրադրությանը ծանոթանալուց հետո կա՛մ մեկը կմնա Գորիսում, երկուսը կգնան Ստեփանակերտ, կա՛մ 2-ը կմնան Գորիսում, 1-ը կգնա Ստեփանակերտ։ Ես, ամեն դեպքում, գնալու եմ Ստեփանակերտ»։

Խոսեցինք նաեւ Պատրիկ Կնիպերի եւ Պիեռ Ժիրարի հետ, թե ինչպես որոշեցին գալ եւ օգնել Արցախին։ «Բժիշկների Փարիզի հայկական ասոցիացիայի խումբ ունենք, որտեղ մենք խոսում ենք խնդիրներից, որպեսզի ելք գտնենք։ Այս անգամ այս պատերազմի պրոբլեմը եղավ, եւ բոլորս միասին՝ համախմբված, ցանկացանք այցելել եւ օգնել, ինչով կարող ենք»,- ասաց բժիշկ Կնիպերը։ Բժիշկներին հարցրինք, թե ինչպես են վերաբերվում այն հանգամանքին, որ հակառակորդի կողմից թիրախավորվում է նաեւ խաղաղ բնակչությունը, եւ զոհերն ու վիրավորները նաեւ խաղաղ բնակչության շրջանում են։

«Ես բժշկի աչքով եմ նայում, դա ինձ համար սարսափելի է, երբ խաղաղ բնակիչներին է հասնում այդ պատերազմը։ Վտանգը մեծ է, եւ մենք այնտեղ ենք, որտեղ ունեն մեր կարիքը»,- ասաց Պատրիկ Կնիպերը։ «Դա շատ մեծ տանջանք է բնակիչների համար, ինչպես ասաց կոլեգաս, դա սարսափելի լուր էր, որը մեզ բերեց այստեղ, որպեսզի օգնենք»,- հավելեց Պիեռ Ժիրարը, որն արդեն մարդասիրական առաքելություն է իրականացրել աֆրիկյան մի քանի երկրներում եւ գիտի, թե այս 1 շաբաթվա ընթացքում ինչ դժվարություններ պիտի տեսնի։ Պատրիկ Կնիպերը նման առաքելություն իրականացրել է Գազայի հատվածում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել