«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ես ոչ մի կասկած չունեմ, որ պատերազմը սկսվել է Ադրբեջանի նախաձեռնությամբ: Անիմաստ է մտածել, որ հայերին հանկարծ պետք է եկել որեւէ բարձունք կամ տարածք գրավել Ադրբեջանից: Ավելին, այս պատերազմը պետք էր հենց Իլհամ Ալիեւին, որպեսզի իր ժողովրդին ասելիք ունենար՝ ցանկանալով ապացուցել, թե կարող է ուժով վերցնել այն տարածքները, որոնք 90-ականներին զիջել էին»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը՝ խոսելով Արցախում սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի մասին:

Ավելին, վերջինս մեզ հետ զրույցում նկատեց, որ հրադադարի մասին համաձայնագրի առաջին տաբերակը, որը պատրաստել է հենց ինքը, ստորագրված է եղել Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ: Հետագայում այդ համաձայնագրին միացել էր նաեւ Հայաստանը: «Պետք է նախկինի պես հենվել այն համաձայնագրի վրա, որը ստորագրված էր եղել Հեյդար Ալիեւի հետ: Վերջինս ոչ մեկ անգամ է ինձ հենց Բաքվում ասել եւ խնդրել, որ պատրաստ է ստորագրել համաձայնագիրը: Նախկին նախարար Մամեդովը ստորագրեց, եւ քչերը գիտեն, որ այն ժամանակվա համաձայնագիրն ի սկզբանե ստորագրված է եղել ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի, այլ Լեռնային Ղարաբաղի միջեւ: Միայն հետո Հայաստանը միացավ այդ համաձայնագրին, իսկ սկզբում Ադրբեջանը ստիպված եղավ այն ստորագրել Լեռնային Ղարաբաղի հետ», – նշեց նա:

Կազիմիրովը, որպես ապացույց, առաջարկեց նայել 1994 թվականի մայիսի 12-ին ստորագրված փաստաթուղթը, որտեղ կարելի է հստակ տեսնել՝ ձախ կողմում եղել է Ադրբեջանի ստորագրությունը, իսկ աջ կողմում՝ Լեռնային Ղարաբաղի, եւ միայն հետո փաստաթղթի մեջտեղում դրվեց Հայաստանի ստորագրությունը»: Խոսքը 1994 թվականի մայիսին հաստատված հրադադարի մասին է, որից հետո՝ հուլիսի 27-ին, ստորագրվեց հրադադարի հաստատման եւս մեկ եռակողմ համաձայնագիր, այս անգամ արդեն՝ նաեւ ԵԱՀԽ միջնորդությամբ: Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի միջնորդական առաքելության նախկին ղեկավար Վլադիմիր Կազիմիրովը նաեւ նկատում է, որ 1994թ. մայիսի սկզբին ադրբեջանական ղեկավարությունը շահագրգռված էր հրադադարով:

Նրա խոսքով՝ նախկինում Ադրբեջանի ղեկավարությունը կա՛մ ցանկություն չէր հայտնում այդ քայլին գնալ, կա՛մ նախապայմաններ էր առաջ քաշում` երբեմն ակնհայտ անիրատեսական, կա՛մ խզում էր պայմանավորվածությունները, բայց այս անգամ այդ ցանկությունն ավելի հաստատակամ արտահայտվեց, ընդ որում՝ ամենաբարձր մակարդակով»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել