168.am-ը գրում է․

Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Ղարաբաղում սանձազերծված հերթական ագրեսիան կրկին արդիական է դարձել Հայաստանում թուրքական ապրանքների գոյության իրավունքի հարցը։ Հնչում են կոչեր՝ թուրքական ապրանքների ներմուծումից ու սպառումից հրաժարվելու վերաբերյալ։

Այդ կոչերն արդեն հասցրել են թողնել իրենց ազդեցությունը։ Թուրքական ապրանքներ իրացնող բազմաթիվ տնտեսվարողներ, ղարաբաղյան հակամարտության վերջին օրերի սրացումից հետո, հայտնվել են փաստի առաջ. ներմուծել են մեծ քանակությամբ ապրանքներ ու չեն կարողանում իրացնել։ Ոչ թե թույլ չեն տալիս իրացնել, այլ հասարակությունը պարզապես բոյկոտում է դրանց սպառումը։

Թե դա ինչքան կտևի, առայժմ դժվար է ասել։ Ժամանակին նման իրավիճակներ էլի են եղել։ Բայց ընթացքում, երբ հակամարտությունը հանդարտվել է, կրկին շարունակվել է թուրքական ապրանքների ներմուծումն ու սպառումը։

Այս անգամ, իհարկե, ամեն ինչ շատ ավելի լուրջ է։ Թուրքիան դարձել է չարիք՝ ինչպես Ղարաբաղի, այնպես էլ՝ Հայաստանի համար։ Ակտիվորեն մասնակցում է ու բորբոքում ռազմական գործողությունները։ Ադրբեջանին օգնում է ոչ միայն ռազմական տեխնիկայով, այլև անմիջապես մասնակցում է պատերազմական գործողություններին։

Ավելին, այնքան է խորացել հակամարտության ռազմական ճանապարհով լուծման իր ու փոքր եղբոր մտադրությունների մեջ, որ տարածաշրջանը վերածել է հերթական ահաբեկչական որջի՝ տարբեր տեղերից ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխելով հազարավոր վարձկանների։

Թեև նախկինում էլ Թուրքիան չէր վարանում պաշտպանել ու օժանդակել Ադրբեջանին, այնուհանդերձ մինչև այժմ նրա սանձարձակություններն այս աստիճանի չէին հասել։ Հիմա իրավիճակը բոլորովին այլ է։ Ու դա հիմք է տալիս ասելու, որ մեր հասարակությունն այս անգամ շատ ավելի վճռական կգտնվի իր մտադրությունների ու որոշումների մեջ և հայկական շուկայից վերջնականապես դուրս կմղի թուրքական ապրանքները։

Ի վերջո, թուրքական ապրանքներ սպառելով՝ մենք սնում ենք այդ երկրի տնտեսությունը, մեծացնում ենք ռազմական բյուջեի հնարավորությունները։ Այդ գումարները դառնում են ռազմական տեխնիկա, որոնք սպառնալիք են՝ ինչպես մեր, այնպես էլ՝ ամբողջ տարածաշրջանի համար։

Սա պարզից էլ պարզ է։ Ու դրա մասին վաղուց էր պետք մտածել։ Հիմա եկել, կանգնել են փաստի առաջ և կրկին հիշել թուրքական ապրանքներից հրաժարվելու մասին։ Մի բան, ինչը, սակայն, միանգամից անել այնքան էլ հեշտ չի լինելու։

Թուրքական ապրանքների ներմուծմամբ ու իրացմամբ զբաղվում են բազմաթիվ տնտեսվարողներ։ Նրանք իրենց հերթին՝ պահում են հազարավոր աշխատողներ, ովքեր աշխատավարձ են ստանում։ Գումարներ են վճարվում պետական բյուջե։ Խոսքը ոչ փոքր գումարների մասին է։

Այս ամբողջ շղթան այնքան էլ հեշտ չէ միանգամից կտրելը։ Մարդիկ ներդրել են իրենց միջոցները, ապրանքներ են բերել՝ իրացնելու հույսով, բայց փաստի առաջ են, չեն կարողանում իրացնել։ Շատերը դա արել են վարկային միջոցներով ու հիմա կանգնած են իրենց ունեցվածքը կորցնելու վտանգի առաջ։

Սրանք լուրջ խնդիրներ են, որոնք 1 կամ 2 օրում չեն կարող լուծվել։ Բայց դա չի նշանակում, թե չպետք է հրաժարվել թուրքական ապրանքների սպառումից։

Թուրքական ապրանքները չպետք է տեղ ունենան մեր շուկայում։ Դա ժամանակի հարց է, ու դրան կարելի է հասնել տարբեր ճանապարհներով։

Որպես այդպիսին՝ այս փուլում տեսնում ենք հիմնականում հասարակության վերաբերմունքը թուրքական ապրանքների իրացման նկատմամբ։ Մարդիկ հակված են չգնել այդ ապրանքները։ Բոյկոտում են թուրքական ապրանքների վաճառքով զբաղվող խանութների ու այլ կազմակերպությունների աշխատանքը։

Թուրքական ապրանքների իրացումից հրաժարվելու մասին բարձրաձայնել են մի շարք խոշոր առևտրային ցանցեր։ Եղան նաև բեռնափոխադրող ընկերություններ, որոնք հայտարարեցին Թուրքիայից ապրանքների տեղափոխումը դադարեցնելու մասին։

Սրանք քայլեր են, որոնք արվում են ոչ պետական մակարդակով։ Պետական մակարդակով առայժմ որևէ նախաձեռնություն չի ներկայացվել՝ թուրքական ապրանքների հոսքը մեր երկիր կասեցնելու համար։ Այնպես, ինչպես վարվեց Սաուդյան Արաբիան, որը հայտարարեց թուրքական ապրանքների ներմուծումը, և ոչ միայն ներմուծումը, բոյկոտելու մասին։ Խոսքը տարեկան մինչև 3 մլրդ դոլարի մասին է, ինչը կարող է լուրջ հարված հասցնել Թուրքիայի տնտեսությանը։

Մեր պարագայում, պարզ է, որ վնասներն այդքան մեծ չեն լինի։ Ամեն դեպքում, տարեկան 250-300 մլն դոլարը, որը դնում ենք Թուրքիայի տնտեսության մեջ, փոքր գումար չէ։ Ու պետք է մտածել այդ գումարները ոչ թե Թուրքիա արտահանելու ու թուրքական ապրանքներ ներմուծելու, այլ մեր տնտեսության զարգացմանը ծառայեցնելու մասին, որպեսզի հարկադրված չլինենք ներքին պահանջարկը բավարարել մեր հակառակորդ ու թշնամի երկրից բերվող ապրանքներով։

Թուրքական ներմուծումից հրաժարվելու ուղղությամբ պետական մակարդակով ձեռնարկվող քայլեր, եթե, իհարկե, այդպիսիք կան, առայժմ տեսանելի չեն։ Թեև դա այնքան էլ պարզ չէ, ինչքան թվում է էմոցիոնալ հարթության մեջ։

Այնպես չէ, որ վաղը կարող ենք վերցնել ու փակել սահմանը թուրքական ապրանքների ներմուծումների դիմաց և համարել մեր գործն ավարտված։ Դեռ պետք է մտածել դրանց փոխարինողներ գտնելու մասին։

Մյուս կողմից՝ Հայաստանը հանդիսանում է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ և ունի ստանձնած պարտավորություններ այդ կազմակերպության նկատմամբ։ Ճիշտ է, դա խոչընդոտ է ավելի կոշտ քայլերի գնալու համար, բայց չպետք է մոռանալ, որ նույն կազմակերպության անդամ է նաև Թուրքիան, որը տարիներ շարունակ շրջափակման մեջ է պահում մեր երկիրը՝ փակելով իր սահմանները։ Եվ ոչ միայն փակելով սահմանները, այլև արգելքներ կիրառելով թուրքական շուկայում հայկական ապրանքների իրացման համար։

Ղարաբաղյան հերթական պատերազմի բռնկումից հետո, թե ինչ են մտածում իշխանությունները թուրքական ապրանքների ներմուծումը մեր շուկա կասեցնելու մասին, հայտնի չէ։ Փոխարենը՝ հասարակությունը չափազանց բուռն է արձագանքել այդ երևույթին և բոյկոտ հայտարարել թուրքական ապրանքների նկատմամբ։ Թե դա մինչև ուր կհասնի, ցույց կտա ժամանակ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել