168.am-ը գրում է․

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ստեղծված իրավիճակում Արցախի անկախության միջազգային ճանաչմանն այլընտրանք չի տեսնում: Այս մասին կաթողիկոսը նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված իր կոչում:

«Թուրքիայի անմիջական հովանավորությամբ և ահաբեկիչների ու վարձկանների մասնակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմն Արցախի դեմ, մեզ դրել է նոր իրավիճակի առաջ` իր ռազմական, քաղաքական, իրավական և աշխարհաքաղաքական կողմերով ու հետևանքներով: Հետևաբար, ներկա իրավիճակը պետք է Արցախին, Հայաստանին, ինչպես նաև միջազգային հանրությանը մտածելու տեղիք տա ու գործելու մեկ ուղղությամբ` Արցախի Հանրապետության ճանաչում, այլընտրանք չկա»,- նշել է Արամ Ա-ն:

Կաթողիկոսը հավելել է, որ Ադրբեջան-Արցախ վերջին պատերազմի զարգացումներին մոտիկից հետևողը հստակորեն պետք է տեսնի մի քանի կարևոր դրվագ:

«Առաջին` Ադրբեջանը վայելում է Թուրքիայի քաղաքական ու ռազմական անվերապահ ու ամբողջական աջակցությունը և Իսրայելի մասնագիտական ներուժը: Երկրորդ` ներկա պատերազմը սոսկ տեղական բնույթ չունի, այլ հղի է տարածաշրջանային և միջազգային հետևանքներ ունենալու լայն հավանականություններով: Երրորդ` Թուրքիան իր պանթուրանական ու ծավալապաշտական քաղաքականությանը նոր ձևավորում ու շեշտադրում տալով, Միջին Արևելքից ու իսլամական աշխարհից սկսած մինչև արևելյան Եվրոպա ու Միջերկրականի ափերը, իր ազդեցությունը տարածելու իր հետևողական ջանքերին զուգահեռ, այժմ նույնը փորձում է անել Կովկասում` շահագործելով Ադրբեջանին»,- ասված է ուղերձում:

Արամ Ա կաթողիկոսը հիշեցրել է, որ Ադրբեջանը միշտ փորձել է զենքի ուժով Արցախը վերագրավել` հակադրվելով քաղաքական ու բանակցային ճանապարհով Արցախի հակամարտության խաղաղ կարգավորման միջազգային որոշումներին, նշելով, որ Ադրբեջանի այս վերջին փորձը ևս հետապնդում է նույն նպատակը:

«Հայոց բանակը հերոսությամբ շարունակում է պաշտպանել Արցախը, մեր իրավունքը ու արժանապատվությունը: Արյուն թափեցինք, ահավոր ավերածություն ունեցանք, հսկա դժվարությունների դեմ հանդիման կանգնեցինք, սակայն շարունակում ենք պայքարել: Թուրքական աջակցությամբ ու իսրայելական զինուժով օժտված ազերիական հարձակումների դեմն առնելն ինքնին հաղթանակ է: Բանակի կողքին Հայաստանի ու Արցախի դիվանագիտական արշավը, Սփյուռքի կողմից լայնածավալ քարոզչությունը, կազմակերպված բողոքի ու աջակցության ցույցերը մեր ողջ ժողովուրդը զորակոչի ենթարկեցին: Իրավիճակը շարունակում է մնալ կնճռոտ ու փխրուն: 30 տարի շարունակ աշխարհին ասացինք` Արցախը մերն է, մեր ինքնորոշման իրավունքն արյան գնով հաստատեցինք և մեր հայացքները, մեր մտքերն ու աշխատանքն ուղղեցինք դեպի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչում: Անցնող տարիներին այս գծով նաև խոհեմ զգուշավորություն ցույց տվեցինք` առիթ տալով քաղաքական բանակցություններին: Սակայն, ներկա պատերազմը եկավ ևս մեկ անգամ ապացուցելու, որ Ադրբեջանը հավատարիմ չէ բանակցություններին և բացահայտորեն վայելելով Թուրքիայի ամբողջական աջակցությունը, մեզ հանգիստ չի թողնելու` դիմելով պատերազմի»,- նշել է Արամ Ա-ն:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը հավելել է, որ չենք կարող մի քանի տարին մեկ մարդկային զոհեր տալ, ինչպես նաև ենթարկվել նյութական և տնտեսական ահավոր վնասների: Կաթողիկոսը նշել է, որ անհրաժեշտ է հստակ ճշգրտել ռազմավարական ու մարտավարական մոտեցումները, կարճաժամկետ և երկարաժամկետ հանգրվաններով, միշտ իրապաշտ ոգով և համահունչ ներկա աշխարհաքաղաքական պայմաններին:

«Առաջին, անհրաժեշտ է ամեն գնով և անմիջապես ամբողջական զինադադար հաստատել և վերսկսել քաղաքական բանակցությունները: Երկրորդ, ծրագրված աշխատանք տանել Արցախի միջազգային ճանաչման գծով: Այլևս չենք կարող երկար սպասել, սա ի վնաս մեզ է` ամեն իմաստով: Գիտենք, որ նման քայլը կարող է նոր բարդություններ ստեղծել, սակայն այլ ճանապարհ չկա: Ներկա պատերազմից ավելի ծանր ի՞նչ կարող է լինել, երբ Ադրբեջանը նույնիսկ անտեսում է պատերազմին ու զինադադարին առնչվող միջազգային օրենքի սկզբունքները: Երրորդ, ինչպիսին էլ լինել Ռուսաստանի ներկա մարտավարական մոտեցումներն ու հաշվարկները, Ռուսաստանը երբեք չպետք է թույլ տա իր կողքին այլ ուժի ներկայությունը Կովկասում: Այս համոզմունքից ելնելով, Ռուսաստանի հետ մեր համագործակցությունը պետք է լինի փոխադարձ վստահության հիման վրա ու հասարակության շահերով պայմանավորված: Չորրորդ, Արցախի ճանաչում ապահովելու հույժ կարևոր իրավաքաղաքական նախաձեռնությունը միջազգային համայնքին ներկայացնելը լուրջ նախապատրաստություն, պարբերական և դիվանագիտական լայնածավալ աշխատանք և հետևողական գործընթաց է ենթադրում, որին հարկ է լծվել անմիջապես: Միջազգային օրենքը տալիս է ճանաչման տարբեր տեսակները, եղանակներն ու պահանջները: Անհրաժեշտ է համապարփակ ու մասնագիտական մոտեցումով ուսումնասիրել ճանաչմանն առնչվող խնդիրներն ու կոնկրետ պարագաները»,- ասված է ուղերձում:

Արամ Ա կաթողիկոսի խոսքով` գտնվում ենք մեր պատմության ճակատագրական խաչմերուկներից մեկում:

«Ռազմական ասպարեզում հաղթական տանելն առանցքն է, իսկ միջազգային կարծիքի հայանպաստ դիրքորոշումը մեր հաջողության մղիչ ուժը: Հարկ է լինել զգոն ու խոհեմ և միշտ միակամ: Հետևաբար, կոչ եմ ուղղում Հայաստանի մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ զինադադարի ամրապնդումից անմիջապես հետո իր մոտ հրավիրի Հայաստանի, Արցախի և Սփյուռքի քաղաքական կուսակցությունների ղեկավարներին, հոգևոր առաջնորդներին և Հայաստանի ու Արցախի պետական բարձրաստիճան ներկայացուցիչներին` միասնաբար խորհրդակցելու իրավիճակի և հետագա զարգացումների մասին: Նման հավաքը պետք է ցույց տա մեր ժողովրդի միասնական ոգին ու ամուր կեցվածքը և մյուս կողմից պետք է առիթ հանդիսանա տեսակետների ու մոտեցումների փոխանակման»,- նշել է կաթողիկոսը:

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն առաջարկել է նաև հիշյալ հավաքից հետո փորձագետներից բաղկացած հանձնախումբ կազմել, որը վարչապետի գլխավորությամբ կկարողանա ծրագրել միջազգային ճանաչմանն առնչվող գործընթացը` իր իրավագիտական, դիվանագիտական, հարաբերությունների և քարոզչական կողմերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել