Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարությամբ է հանդես եկել և իր գոհունակությունն է հայտնել իսրայելցի 15 մտավորականների հայտարարության վերաբերյալ՝ հույս հայտնելով, որ այդ հայտարարությունը հույս է ներշնչում, որ այդ երկրի հասարակությունը, ոտքի կանգնելով, վերջապես կստիպի սեփական կառավարությանը ներողություն խնդրել հայ ժողովրդից և հրաժարվել իր որդեգրած ամոթաբեր ու անմարդկային դիրքորոշումից։

Պարոն Տեր-Պետրոսյանն իր հայտարարության մեջ նաև նշում է. «Ապշելու բան էր, թե ինչպես կարող է ահավոր ցեղասպանության զոհ դարձած մի ազգի կառավարություն, զուտ մերկանտիլ շահերից դրդված, ակտիվորեն սատարել մի այլ ազգի նկատմամբ կիրառվող բացահայտ ցեղասպանությանը»։

Նախ՝ սկսենք նրանից, որ պարոն Տեր-Պետրոսյանը շատ լավ գիտակցում է, որ Իսրայելը գործում է իր ազգային շահերից ելնելով և երբեք, մերկանտիլ շահերից դրդված, որևէ երկրի զենք չի վաճառում։ Իսրայելական շատ զարգացած և հզոր ռազմական արդյունաբերությունը հրեական պետության ԱԳՆ-ի կցորդներից է, և ուղղակի զավեշտալի է, երբ ՀՀ առաջին նախագահը փորձում է Թել Ավիվի կողմից Բաքվին միլիարդավոր դոլարների զենքի վաճառքը, որը շարունակվում է այս պահին ևս, ներկայացնել որպես զուտ մերկանտիլ գործարք՝ դրանով փորձելով մեղմացնել կամ հերքել այն փաստը, որ այժմ Արցախյան պատերազմի թատերաբեմում ակտիվորեն համագործակցում են թուրք-ադրբեջանական տանդեմը, բազմապիսի ահաբեկչական կազմակերպություններ Սիրիայից, Պակիստանից, Աֆղանստանից ու Իսրայելը։ Այո՛, ստացվում է, որ Իսրայելը, որը մշտապես ներկայացել է որպես ահաբեկչական կազմակերպությունների զոհ, հիմա մեծ հաճույքով համագործակցում է ահաբեկչական կազմակերպությունների հետ ընդդեմ հայերի։

Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի այն հույսերին, որ այդ երկրի հասարակությունը, ոտքի կանգնելով, վերջապես կստիպի սեփական կառավարությանը ներողություն խնդրել հայ ժողովրդից և հրաժարվել իր որդեգրած ամոթաբեր ու անմարդկային դիրքորոշումից, ապա ՀՀ առաջին նախագահն այստեղ ևս խորամանկում է՝ շատ լավ գիտենալով, որ երրորդ հանրապետության հռչակումից ի վեր, ի տարբերություն հայտնի հրեա մտավորականների մեծ մասի, որոնք մշտապես եղել են հայ ժողովրդի կողքին, հրեական պետությունը մշտապես դեմ է եղել ՀՀ-ին՝ համագործակցելով Ադրբեջանի հետ, որին այս վերջին տարիներին ոչ միայն միլիարդավոր դոլարների զենք է մատակարարել, այլև համապատասխան ռազմական մասնագետները նաև ներգրավված են եղել 2016 թ․-ի Ապրիլյան կարճատև պատերազմի ժամանակ՝ ընդդեմ Արցախի։

Էլ չասեմ, թե ինչ ամոթալի և զզվելի է Թել Ավիվի դիրքորոշումը հայոց ցեղասպանության ճանաչման առումով, երբ վերջինս այդ փաստի մասին հիշում է, երբ բարդանում են իսրայելա-թուրքական հարաբերությունները, և հրեական պետությունն այն օգտագործում է Անկարայի դեմ բացահայտ շանտաժի համար։

Հ.Գ. Ցեղասպանություն վերապրած հրեա ժողովրդի հայրենի իշխանավորների համար աշխարհաքաղաքական շահերը վեր են ամեն ինչից։ Թել Ավիվը նույնիսկ պատրաստ է համագործակցել ամեն տեսակ թափթփուկների հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել