168.am-ը գրում է․

Հոկտեմբերի 9-ին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ավելի քան 10 ժամ տևած հանդիպումից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ կողմերի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ին հումանիտար հրադադար հաստատելու վերաբերյալ՝ դիերի և գերիների փոխանակման համար։

Չնայած այդ պայմանավորվածությանը, թշնամին չի դադարեցրել ռազմական գործողությունները, ավելին՝ այս ընթացքում կիրառել է հարվածային ԱԹՍ Երիցվանք գյուղական համայնքի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է։ Նաև թշնամին կրակի տակ է պահում Հադրութ քաղաքը։

Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունից հետո Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսային խոսակցություն է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։ Anadolu լրատվական գործակալության տվյալներով՝ Չավուշօղլուն ընդգծել է, թե իրենք կպաշտպանեն այն որոշումները, որոնք ելնում են Ադրբեջանի հետաքրքրություններից և շահերից:

Ադրբեջանը Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունից հետո սահմանին չի դադարեցնում ռազմական գործողությունները, Թուրքիան այս հարցում ի՞նչ դերակատարում ունի։

168.am հետ զրույցում Հայաստանի Ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանն անդրադառնալով այս հարցին՝ նշեց, որ սկզբից ի վեր այս ամբողջ անհավասարության մեջ երկու անհայտներ են եղել և չեն կարողացել դրանց ամբողջական գործընթացը հասկանալ, վերլուծել ու կոնտեքստավորել։

«Այդ երկու անհայտները Թուրքիան ու ահաբեկիչներն են։ Առաջին անգամ Թուրքիան ցույց տվեց, որ ինքը ամենևին էլ կողմ չէ հրադադարին, դա մի քանի օր էր, երբ մինչև ուշ կեսօր հրադադարի ռեժիմը քիչ թե շատ պահպանվեց։ Իսկ դրանից հետո, երբ Չավուշօղլուն մեկնեց Բաքու, միանգամից ռազմական գործողությունները նոր թափ առան սահմանի ողջ երկայնքով։ Վստահությամբ կարելի է պնդել, որ այս պահին, այս դրվագում Թուրքիան չի ցանկանում գնալ հրադադարի։ Երկրորդը, անշուշտ, ահաբեկիչներն են, եթե Թուրքիայի միջոցով են ահաբեկիչներ տեղափոխում, մենք էլ ընդհանուր պատկերացում չունենք՝ նրանք քանի հոգի են, որտեղ են տեղակայված, ինչ հարաբերությունների մեջ են ադրբեջանական զինված ուժերի հետ, ապա այստեղ էլ մեկ անհայտ է, որին մենք լուծում պետք է գտնենք։ Այսինքն՝ ինչպես ենք պատկերացնում, եթե հրադադար հաստատվի բանակցություններ վերսկսվեն, ապա այդ ահաբեկիչների գործոնն ինչպե՞ս է դուրս գալու այս ամենից»,- ասաց Վահրամ Տեր-Մաթևոսյանը։

Նրա խոսքով, քանի որ նշված երկու անհայտների լուծումը չգիտեն, և հոկտեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո արված հայտարարության մեջ Թուրքիայի մասին ակնարկ կար, իսկ երկու անհայտների մասին խոսք չկար, հետևաբար՝ իրական հրադադարի մասին մտածելը, անշուշտ, մի փոքր անհեռատեսություն կլինի։

«Թուրքիան՝ ինչպես բոլոր կոնֆիկտներում, սկզբում հավակնոտ մասնակցություն է ունենում, այնուհետև հետ է քաշվում, և եթե հետ է քաշվում, ապա այդ ամենն անում է ինչ-որ բանի դիմաց»,- նշեց թուրքագետը։

Անդրադառնալով Թուրքիայի նկրտումներին՝ բանակցային գործընթացին մասնակցելու վերաբերյալ, Վահրամ Տեր-Մաթևոսյանը կարծիք հայտնեց, որ այդ ամենն անիրատեսական է մի շարք առումներով։

«Թուրքիան շատ լավ հասկանում է, թե ինչ հանգամանք, գործոն պետք է ստեղծի, որպեսզի Հայաստանը սկսի իրենց հետ բանակցել։ Առաջին հանգամանքն այն է, որ հայերին ինչ-որ բան առաջարկեն, չգիտեմ՝ կլինի հայ-թուրքական սահմանի բացում՝ մինչև Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատում։ Սակայն այս տարիների ընթացքում այդ հարաբերություններն այնքան վատացան, և Էրդողանի ագրեսիվ քաղաքականությունն այնքան հետ շպրտեց հարաբերությունների կարգավորումը բնականոն հունից, որ դժվար է պատկերացնել, թե ինչպես է հնարավոր, որ Արցախի հակամարտության մեջ Թուրքիան ասելիք ունենա և այնպիսի ասելիք, որտեղ ինչ-որ խելամիտ նոր առաջարկներ լինեն։ Երկրորդ՝ Ռուսաստանը կարծես շատ դանդաղ, բայց այդ նիրհից դուրս է գալիս, և հասարակական-հանրային տրամադրությունների ներքո սկսում հասկանալ, որ Թուրքիայի ցանկացած ներկայություն այս տարածաշրջանում իր համար սպառնալիք է։ Նրանք շատ դանդաղ, վերջին տարիների ընթացքում, կուլ տվեցին Թուրքիայի ներկայությունը Վրաստանում, Ադրբեջանում։ Հիմա հասկացան, որ վերջին կտորը, որը մնացել է Հարավային Կովկասում՝ Հայաստանն է։ Հայաստանի դիվանագիտությունն ամեն կերպ հարյուրավոր կիլոմետրերով Թուրքիային պետք է հեռու պահի դիվանագիտական ցանկացած ձևաչափից։ Եթե Թուրքիան շարունակի պնդել, ապա դա մեկ անգամ ևս վկայելու է այն մասին, որ Ադրբեջանը՝ որպես պետականություն, կանգնած է թուրքացման ճանապարհի վրա»,- հավելեց թուրքագետը։

Նա նաև ընդգծեց, որ սա ևս մեկ անգամ ազդակ պետք է լինի Ռուսաստանին, որ այստեղ խոսվում է ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի մասին, որն ամբողջովին գտնվելու է Թուրքիայի ազդեցության տակ։

«Կրկնում եմ՝Ռուսաստանը դանդաղ հասկանում է այս աճող վտանգների մասին, և հուսով ենք, որ մի փոքր ավելի պրոակտիվ կլինեն և իրենց դիվանագիտական ու ռազմական լծակները կօգտագործեն Թուրքիային իր իրական տեղը դնելու համար և հասկացնելու, որ Թուրքիան այս տարածաշրջանում արդեն մեծ խնդիրներ է հարուցել, որոնց ուղղելն արդեն մեծ ջանքեր է պահանջելու»,- եզրափակեց Վահրամ Տեր- Մաթևոսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել