168.am-ը գրում է.

Ղրղզստանի նախագահ Սոորոնբեկ Ժեենբեկովը հանրապետությունում անցկացվող բողոքների ֆոնին պաշտոնից ազատել է երկրի Անվտանգության խորհրդի քարտուղար Դամիր Սագինբաեւին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են պետության ղեկավարի մամուլի ծառայությունից:

«Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբեկ Ժեենբեկովը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն, Դամիր Սագինբաեւն ազատվել է Ղրղզստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից»,-հայտարարել է մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Հոկտեմբերի 5-ին Ղրղզստանում սկսվել են ընդդիմության ելույթները, որը չի ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք անցկացվել էին հոկտեմբերի 4-ին:

Իրավապահ մարմիններն ուժ են կիրառել ցուցարարների նկատմամբ, որոնք փորձել են թափանցել խորհրդարանի շենք:

Բախումները Բիշքեկում շարունակվել են ամբողջ գիշեր, առավոտվա կողմերը բողոքի մասնակիցները գրավել են խորհրդարանի շենքը, որտեղ նաեւ տեղակայված է նախագահի գրասենյակը:

Բախումների ժամանակ տուժել է 1,2 հազար մարդ, ցուցարներից մեկը զոհվել է: Հոկտեմբերի 6-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղարկել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք անցկացվել էին հոկտեմբերի 4-ին:

Ղրղզստանի վարչապետ Ղուբաթբեկ Բորոնովը հրաժարական է տվել: Նախագահ Սոորոնբեկ Ժեենբեկովը, նրա մամուլի քարտուղարի պնդմամբ, գտնվում է Բիշքեկում եւ «վերահսկում է իրադրությունը»: Նա քանիցս երկխոսության կոչ է արել ընդդիմադիրներին, բայց, որքան հայտնի է, առայժմ ոչ մի պաշտոնական բանակցություններ չեն անցկացվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել