168.am-ը գրում է․

«Ադրբեջանում ոչ բոլորն են գոհ մոսկովյան բանակցություններից»,- այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց ռուսական «Ռեգնում» գործակալության սյունակագիր, ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Մոսկվայում 11 ժամ տևած Մնացականյան-Լավրով-Բայրամով խորհրդակցությունների արդյունքներին, արդեն ժամը 12։00-ից նախատեսվող հրադադարի ռեժիմի կայունությանը և հայտարարված հրադադարի պայմաններում ադրբեջանական ուժերի կողմից դրա լայնածավալ խախտումներին, այդ թվում՝ Սյունիքի մարզի ուղղությամբ, որտեղ այսօր 11:30-ի սահմաններում հակառակորդը հարվածային ԱԹՍ կիրառեց, որի հետևանքով կա զոհ և վիրավորներ։

Ստանիսլավ Տարասովը նախ նշեց, որ մոսկովյան բանակցությունները ծանր ու դրամատիկ են անցել՝ հաշվի առնելով Բաքվի դիրքորոշումները։

Նա նկատեց, որ հենց այդ բանակցությունների ընթացքում Բաքվից հայտարարություններ էին հնչում, որ ամեն դեպքում ուժային սցենարը չի բացառվում։

«Գիտեք նաև, որ այդ բանակցություններն ընդմիջումներով էին անցնում, քանի որ Ջեյհուն Բայրամովն անընդհատ դուրս էր գալիս և խորհրդակցում էր Ալիևի հետ։ Մենք բոլոր դետալներին ծանոթ չենք, բայց բանակցությունները դրամատիկ սցենար ունեցան։ Երկրորդ՝ պետք է ենթադրել, որ ԵԱՀԿ ՄԽ-ն մեծ ճնշում բանեցրեց՝ հատկապես այս դեպքում՝ Լավրովը, Ադրբեջանի դիրքորոշումների վրա, և նրանք ինչ–որ տեղ ստիպված էին գնալ այն որոշումներին, որոնք հնչեցին այդ խորհրդակցությունների արդյունքում։ Երրորդը՝ ես տպավորություն ունեմ, որ Ադրբեջանում ոչ բոլորն են գոհ, քանի որ նրանք կարծում են, որ հարձակողական նախաձեռնության դիրքում են, բավարար ուժեր ունեն ինչ-որ շրջաններ ազատագրելու համար, և այստեղ կա որոշակի նրբություն, քանի որ  պայմանավորվածությունները ենթադրում են բովանդակային՝ սուբստանտիվ, բանակցությունների վերսկսում, իսկ ի՞նչ հասկանալ դրա ներքո՝ բարդ է, ռուսական կողմի հայտարարությունից։ Իսկ ֆրանսիական կողմը հայտնեց, որ խոսքն այն մասին է, որ հրադադարից անմիջապես հետո պետք է անցում կատարել բանակցությունների, որի օրակարգում կլինի հետևյալ հարցը՝ շրջաններ՝ կարգավիճակի դիմաց, և Ադրբեջանին փորձեցին հասկացնել՝ ինչո՞ւ կրակել, եթե այդ շրջանները, որի համար կռվում եք, կարող են անցնել դիվանագիտական ուղիներով։ Ինձ թվում է, որ հենց այդ հանգամանքը մեծ դերակատարություն ունեցավ ադրբեջանական կողմի բանակցային դիրքերի վրա»,- ասաց Տարասովը։

Խոսելով հրադադար հայտարարելու ընթացքում Ադրբեջանի ռազմական արկածախնդրությունից, այդ թվում՝ Հայաստանի դեմ, Տարասովն ասաց, թե փորձը ցույց է տալիս, որ, իհարկե, Ադրբեջանը փորձեց «ամրապնդվել» նոր ափերում, որպեսզի հայտարարի, որ հաղթանակ է տարել, քանի որ երկար բանակցություններ են սպասվում առջևում»,- ասաց Տարասովը։

Նրա համոզմամբ, սրանք, այսպես կոչված, նախաբանակցային գործողություններ են հակամարտող կողմերից մեկի կողմից՝ հետագայում բանակցություններում ուժի դիրքերից խոսելու համար։

«Ցավոք սրտի, դա լիովին բնական գործոն է, և այդպես պատահում է, կարելի էր սպասել։ Հիմա հարցը հետևյալն է՝ ինչպե՞ս են սկսելու գործել այդ համաձայնությունները, խախտումները չպետք է բացառել, բայց արդյո՞ք կսկսի գործել այն 12 ժամից, 24 ժամից, թե՞ ավելի երկար, չենք կարող ասել։ Բայց այն բազմաթիվ բաղադրիչներ ունի, քանի որ պետք է զինվորականները կապի դուրս գան, հենց այնպես միանգամից այն ուժի մեջ չի մտնում, այդպես չի լինում, միջանկյալ բանակցություններ են տեղի ունենում ռազմական գերատեսչությունների միջև, այնտեղ պետք է միջնորդ ներկա լինի, և ենթադրում եմ, որ կլինի ռուսական ներկայացուցիչը։ Կա նաև շփման նոր գիծ, որը կա՛մ պետք է ֆիքսել, կա՛մ վերադառնալ նախկին բնագծերին, կարևոր է հասկանալ, թե մարտերն ինչ գծերում են ավարտվում։ Քիչ հավանական է, որ Ադրբեջանը վերադառնա իր բնագծերին, հարց է առաջանում, թե արդյո՞ք Հայաստանը կընդունի այդ նոր դիրքերը, ինչպե՞ս է այդ հարցը լուծվելու։ Սրանք հարցեր են, սակայն կարևորն այն է, որ բեկում կա, բանակցությունները կան, և նշեմ նաև, որ ո՛չ Մակրոնը, ո՛չ Թրամփը չստանձնեցին միջնորդական առաքելություն, դա արեց կրկին Ռուսաստանը՝ Պուտինը, և Ալիևին չհաջողվեց թուրքական գործոնն ավելացնել՝ որպես կողմ բանակցային գործընթացում, քանի որ պայմանավորվածությունները գրավոր ամրագրում են ԵԱՀԿ ՄԽ դերակատարությունը։ Սա սկզբունքային հարց է»,- ասաց Տարասովը։

Նա վստահեցնում է, որ մենք դեռ հետաքրքիր փաստեր կիմանանք նախօրեի բանակցությունների մասին։ «Եղել է մեծ ճնշում Բաքվի նկատմամբ, որ, եթե չընդունեք այս սցենարը, որն առաջարկվում է, ապա հաջորդելու են ավելի վճռական քայլեր։ Այսինքն՝ եղել է ընտրություն, որն առաջարկվել է Ադրբեջանին, և ընտրվել է Ադրբեջանի կողմից այն, ինչ նշված է փաստաթղթում։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում տեսանք, որ Փաշինյանը հայտարարեց՝ պատրաստ է աշխատել ԵԱՀԿ ՄԽ շրջանակում։ Ելքը նման արյունալի պատերազմից, իսկ սա հակամարտություն չէ, այլ պատերազմ է, ավտոմատ ելքն այդ իրավիճակից և միանգամից դադար չի լինում, համաշխարհային պրակտիկան է ցույց տալիս, որ կարող են լինել խախտումները, բայց միտումը դրական ուղղությամբ է։ Մինչև մի որոշակի փուլ չի լինի կայուն հրադադար, քանի որ մի շարք ընթացակարգեր կան, որոնք պետք է տեղի ունենան, այսինքն՝ «Ա», «Բ», «Գ», «Դ», պետք է դադարեցնել նախ, ո՞վ և ինչպե՞ս պետք է նրանց կանգնեցնի, զինվորական միջնորդները դա կանեն կողմերի հետ, հետո պետք է «Կարմիր խաչը» գործի, նրանք պետք է հասնեն տարածաշրջան, դա ևս ժամանակ է խլելու։ Ինչպե՞ս է գործելու․ ԿԽ աշխատանքի դեպքում հրադադարը կպահպանվի, հետո կամրապնդվի դա նոր ինչ-որ փաստաթղթով հստակեցնող նոր դիրքերը, որոնց հիմքի վրա կսկսվի հիմնական բանակցային գործընթացը բազային սկզբունքների հիման վրա։ Իսկ թե որո՞նք են բազային սկզբունքները՝ ևս չենք կարող ասել։ Ֆրանսիացիներն են ասել, իսկ ռուսական կողմը դա հասկանում է՝ որպես Մադրիդյան սկզբունքներ։ Հետագայում բանակցային գործընթացում մի շարք հարցեր են ի հայտ գալու, բայց դրանք ինքնին բանակցությունների դետալներ են, որոնք պետք է քննարկվեն արդեն այդ բանակցությունների ընթացքում»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ այս բանակցությունները տեղի ունեցան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հոկտեմբերի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին ուղղված հրավերի շնորհիվ։ Ռուսական մամուլում և մեդիա շրջանակներում նույնիսկ մոսկովյան պայմանավորվածությունները ստացել են «պուտինյան հրադադար Ղարաբաղում» անվանումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել