Hraparak.am-ը գրում է․

Ազգային անվտանգության ծառայության երիտասարդ, կարելի է ասել՝ անգամ մանուկ տնօրենը երեկ ազատվեց պաշտոնից։ Սույն թվականի մայիսի 5-ին նշանակված Քյարամյանն այս պաշտոնում աշխատեց վեց ամսից էլ պակաս։ Ազատման պատճառը չի նշվում, բայց կարելի է կռահել՝ հիմնվելով որոշ տեղեկությունների վրա։ Բանն այն է, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սկսած պատերազմի պայմաններում Ռուսաստանի դերակատարումն ավելի է մեծացել, հասարակությունն ու իշխանությունների քիչ թե շատ պրոռուսական կամ լոյալ հատվածն ակնկալում է, որ Պուտինն ու ՌԴ-ն պետք է օր առաջ այս պատերազմը կանգնեցնեն։ Բայց Ռուսաստանը, որը, մեղմ ասած, տպավորված չէ Հայաստանի իշխանությունների հակառուսական ու արեւմտամետ կեցվածքով, որոշ պայմաններ է դրել Նիկոլ Փաշինյանի առջեւ։

Մասնավորապես՝ Փաշինյանը նախեւառաջ պետք է որոշ կարեւոր պոստերում փոխի իր հակառուսական կադրերին։ Դրանցից մեկն ԱԱԾ տնօրենի պոստն է, որը զբաղեցրած Արգիշտի Քյարամյանն ակնհայտ հակառուսական կերպար է։ Հաջորդը, մեր տեղեկությամբ, ԱԱԽ քարտուղարի պաշտոնից հայտնի սորոսական ու ընդգծված հակառուսական կերպար Արմեն Գրիգորյանի հեռացումն է լինելու։ Ռուսները նրան եւս «տանել չեն կարողանում»։ Չի բացառվում՝ այս ամենի վերջնարդյունքը լինի ընդհուպ վարչապետի հրաժարականի պահանջը, բայց դա ո՛չ այս պահին, այլ՝ պատերազմի ավարտից հետո։

Պետության համար, նկատենք, իրականում խայտառակություն էր ոչ միայն Արգիշտի Քյարամյանի պես «մանուկ» ԱԱԾ տնօրենի նշանակվելը, այլեւ երկու տարվա ընթացքում ԱԱԾ 3 տնօրեն փոխելը։ Սա իսկապես ազգային անվտանգության լուրջ խնդիր ու սպառնալիք է, երբ քո երկրում «շաբաթը մեկ» ԱԱԾ տնօրեն է փոխվում, որոնք հեռանալով՝ իրենց հետ ինֆորմացիայի հսկայական պաշար են տանում։

Արգիշտի Քյարամյանը, հիշեցնենք, եկած-չեկած՝ անմիջապես անցավ գործի եւ սկսեց աշխատանքից ազատել ԱԱԾ հնաբնակներին, հատկապես նրանց, ովքեր ռուսական ԿԳԲ-ի «շկոլան» էին անցել, ռուսական կրթություն ունեին եւ պրոֆեսիոնալ էին։ Իհարկե, ոմանք էլ իրենք ազատվեցին՝ չցանկանալով «մանկան» ենթակայությամբ աշխատել։ Բայց Փաշինյանին ձեռք էր տալիս Քյարամյանը, քանզի վերջինս դեռ ՊՎԾ պետ եղած ժամանակից իր աչքն ու ականջն էր կառավարությունում եւ հլու-հնազանդ կատարում էր Փաշինյանի քմահաճույքները՝ իրականացնելով վհուկների որս քաղաքական դաշտում։ Քյարամյանը, չլինելով կադրային սպա, չունենալով փորձ հատկապես ազգային անվտանգության ծառայության ոլորտում, իր ղեկավարած կառույցը սկսեց ներսից «քանդել»՝ այն անլրջացնելով մինչեւ բնակչությանն SMS ուղարկող ՍՊԸ-ի մակարդակի։

Նրանք մե՛կ հաղորդագրություն էին տարածում, թե Ադրբեջանի հատուկ ծառայությունները զանգահարում են ՀՀ քաղաքացիներին, որ հետախուզական բնույթի տեղեկություններ կորզեն, հետո հեռացնում էին իրենց կայքից այդ հաղորդագրությունը, մի քանի ժամ անց նորից էին տարածում։ Մե՛կ էլ հաղորդագրության հետ ադրբեջանական քարտեզ էին դնում ու զանգում խմբագիրներին՝ խնդրելով փոխել իրենց ուղարկած քարտեզը, եւ այսպես շարունակ։ ԱԱԾ-ի տարածած ամեն հաղորդագրություն մի կիքս պարունակում էր։ Իհարկե, նախկինում էլ մի բան չէր, բայց Քյարամյանի՝ տնօրեն դառնալուց հետո մանկապատանեկան խաղերն ավելի ակտիվացան։ Պատերազմի օրերին էլ պարբերաբար ինչ-որ հեռախոսահամարներ էին հրապարակում՝ կոչ անելով դրանց չպատասխանել, որովհետեւ, իբր, պարզել են, թե ադրբեջանցիներ են։ Մի քանի օր առաջ էլ հանկարծ հայտարարություն տարածեցին, թե նախկին բարձրաստիճան զինվորականի են ձերբակալել, ով, ըստ ԱԱԾ-ի, պետական դավաճանության մեջ է մեղադրվում՝ թշնամուն պարբերաբար պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ փոխանցելու համար։ Թե ով էր այդ պետական դավաճանը, երբվանից է իր գործունեությունն իրականացրել, ինչու են հիմա հայտնաբերել եւ հատկապես՝ ինչու են այս լարված շրջանում հրապարակում այդ տեղեկությունը, ոչ ոք չիմացավ։ Ոմանք միայն հերթական անգամ զարմացան, թե ինչքան մանկամիտ են կարեւոր պաշտոններում հայտնված մարդիկ։

Քյարամյանի գլխավորած ԱԱԾ-ն այս 5 ամիսների ընթացքում նաեւ ակտիվորեն զբաղված էր «մամուլին դարձի բերելու» գործով։ Նա պարբերաբար հրահանգ էր ստանում իր անմիջական շեֆից եւ հարձակվում նրա թիրախների վրա։ Օրինակ՝ ԱԱԾ էր կանչվում Քաղավիացիայի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանին քննադատած Հակոբ Ճաղարյանը եւ ժամեր շարունակ պահվում այնտեղ։ ԱԱԾ էին հրավիրում իրենց նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին, Փաշինյանին քննադատած Նարեկ Սամսոնյանին եւ ուրիշների։ Քանիցս ԱԱԾ-ից զանգել են նաեւ «Հրապարակ», օրերս էլ նամակ էին հղել, թե՝ կարծիք ու վերլուծություններ ներքաղաքական թեմաներով, մանավանդ՝ պատերազմի պատճառների մասին, իրավունք չունեք հրապարակելու։

Արգիշտի Քյարամյանը նաեւ այն միակ ԱԱԾ տնօրենն էր անկախ Հայաստանի պատմության մեջ, որ անմիջապես իր աշխատասենյակի դռան դիմաց մետաղորսիչ սարք էր տեղադրել, որ իր մոտ մտնող-ելնողները ստուգվեին, զինաթափվեին, նոր մտնեին։ Նրա օրոք մեկ այլ աննախադեպ երեւույթ էլ տեղի ունեցավ՝ ԱԱԾ տնօրենի տեղակալի կաբինետում պատահաբար «ժուչոկ»՝ գաղտնալսող սարք հայտնաբերվեց։ Իրենց ներսում ձերբակալեցին զինապահեստի աշխատակցին՝ իբրեւ թե ԱԱԾ-ում անօրինական զենք հայտնաբերելու համար։ Եվ այս ամենը մեծ դժգոհություն էր հարուցել ԱԱԾ-ում։ Այս համակարգում երբեք այնքան թափուր հաստիք չի եղել, որքան Քյարամյանի օրոք։ Մարդիկ միշտ ձգտել են աշխատել այս կառույցում, սակայն հիմա խուսափում են։

Եվ այս խայտառակությանը երեկ վերջ տրվեց։ Նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանով ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նրա տեղակալը՝ Միքայել Համբարձումյանը։ Երեկ իշխանական լրատվամիջոցներից մեկն Արգիշտի Քյարամյանի ազատումը կապել էր Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարության հետ, թե ինչ-որ մարդիկ գնացել են առաջնագիծ եւ կեղծ տեղեկություններ տարածել, թե, իբր, «Նիկոլը հողերը ծախել ա, դիրքերը պահելն իմաստ չունի», եւ Հայաստանի ԱԱԾ տնօրենին դրա համար են ազատել պաշտոնից, քանզի չի կարողացել կանխել Արցախի առաջնագիծ նման «դավաճանների» մուտքը։ Սակայն կարճ ժամանակ անց այդ ինֆորմացիան հեռացվեց համացանցից։

Նույն ընթացքում մեկ այլ՝ արդեն ոչ իշխանական կայքերից մեկում գրվեց, թե Փաշինյանը Քյարամյանին պաշտոնից ազատել է «սորոսականներին ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ տրամադրելու համար, ի մասնավորի՝ Դանիել Իոաննիսյանին, որն այս օրերին սահմանից տարօրինակ տեղեկություններ է պարբերաբար հաղորդում»։ Այս բոլոր վարկածները կարելի է քննարկել, հավատալ կամ չհավատալ։ Բայց ամենահավաստին այն է, որ 29-ամյա երիտասարդը, որին տարբեր շրջանակներ սորոսական են անվանում, չկարողացավ արդարացնել իրեն եւ ազգային անվտանգության խնդիրները լուծելու փոխարեն նոր խնդիրներ հարուցեց։ Եվ սա ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին սխալ կադրային լուծումն է, որ տալիս է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել