«Ժողովուրդ» թերթը գրում է. Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ. «Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել, կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերեւա, դիրքերը պահելը իմաստ չունի»:

Եվ, ահա, նա հանձնարարել էր ԱԱԾ-ում հետաքննություն սկսել, որի հետեւանքով Երեւանում ձերբակալվել է Ստեփանակերտի բնակիչ: Ավելին, վարչապետի այս հայտարարությունից հետո հայտնի դարձավ, որ պաշտոնից ազատվել է ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ է ստացել, թե ինչ է հայտնել իրավապահներին ձերբակալված անձը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Ստեփանակերտի բնակիչը, որի անունն այս փուլում չենք հրապարակում նախաքննությանը չվնասելու համար, խոստովանել է, որ ինքը չի հորդորել զինվորներին դիրքերը լքել կամ նահանջել, այլ ընդամենը կարծիք է հայտնել, թե ինչ է մտածում պատերազմի մասով: Ավելին, վերջինս հայտնել է, որ նման խոսակցությունից հետո որեւէ զինվոր դիրքը չի լքել ու հեռացել, այլ պարզապես խոսակցություն ու կարծիք է ինքը արտահայտել:

Ինչեւէ, չնայած Քյարամյանի պաշտոնանկությանը նախորդեց հենց վարչապետի հայտարարությունը, սակայն վերջինիս ազատման մասով երկու վարկած է քննարկվում: Վարկածներից մեկը հենց այդ բացահայտումն ու այն հանգամանքն է, որ ԱԱԾ տնօրենն, ամեն դեպքում, տեղում չի եղել: Իսկ վարկածներից մեկի համաձայն էլ՝ ռուսական կողմն է հորդորել ազատել Քյարամյանին՝ Սորոսի գրասենյակի հետ կապ ունենալու համար, եւ ավելին՝ առկա տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում նոր ազատումներ կլինեն սորոսական թեւից»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել