Hraparak.am-ը գրում է․

Վերջին երկու օրերին ռուսաստանաբնակ ազդեցիկ հայերի շրջանում որոշակի ակտիվություն է նկատվում, նրանք հանդես են գալիս Ռուսաստանի իշխանություններին ուղղված կոչ-հայտարարություններով ու ուղերձներով՝ տարածաշրջանային կոնֆլիկտում կարեւորելով ռուսական գործոնը։ Խոսքը հատկապես միլիարդատերեր Ռուբեն Վարդանյանի, Սամվել Կարապետյանի, Արա Աբրահամյանի մասին է։ Մարդիկ, ովքեր մեծ ազդեցություն ունեն ռուսական տիրույթում ու ջերմ հարաբերություններ ռուսական իշխանությունների հետ եւ, ըստ ամենայնի, փորձում են այդ ազդեցությունն օգտագործել ի շահ հայրենի պետության։ Նրանց ակտիվությունը լուրջ անհանգստություններ է առաջացրել Ֆեյսբուքի հայաստանյան տիրույթում․ մարդիկ, ռազմաճակատը մի կողմ թողած, քննարկում, քննադատում կամ գովերգում են նրանց, «լվանում հայազգի գործարարների ոսկորները»՝ թե նա, ով ահազանգում է տարածաշրջանում սպասվող գլոբալ արհավիրքի մասին, թե ով առիթն օգտագործում է Ռուսաստանի «խաղաղարար» հատկանիշներն ընդգծելու եւ քծնելու համար։

Բայց մի հարցում ֆեյսբուքահայությունը միասնական է՝ բոլոր հարուստ հայերը մի բան են պարտավոր անել՝ սեփական միլիարդները նվիրաբերել հայկական բանակին։
Որոշ ռազմական փորձագետներ էլ սկսեցին աշխարհաքաղաքական վերլուծություններ անել, թե այս մարդկանց մտահոգությունը ոչ այնքան հայրենիքն է, որքան Ռուսաստանը։ Այդ վերլուծությունների համաձայն՝  Ռուսաստանն այլեւս չի կարող խնդրին հետեւել դիտորդի կարգավիճակով, եւ ժամանակն է, որ անցնի գործուն քայլերի։ Իսկ մինչ այդ Ռուսաստանը ստուգում է հանրային տրամադրությունները, որպեսզի հստակեցնի, թե ինչ կարող են մեզ առաջարկել, ինչ պահանջել, որն է այն ոսկե միջինը, որը կարող է դրվել բանակցությունների սեղանին։ Եվ պատահական  չէ, որ գործարարները բավականին հակադիր դիրքորոշումներ են հայտնում։

«Ավրորա» հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, ում որդիներն այսօր ծառայում են Արցախում, նախօրեին հանդես եկավ «պահանջատիրական» դիրքերից։ Նրան ճանաչողները փաստում են, որ իրականում Վարդանյանը միշտ է աննախադեպ զգուշավորություն դրսեւորել ու դժվար թե ինքնակամ նման ուղերձով հանդես գար։ Մինչդեռ Վարդանյանը ՌԴ նախագահին բավականին խիստ տեքստով դիմեց՝ խոսելով Ռուսաստանում  բնակվող 3 մլն հայերի անունից։ Նա Վլադիմիր Պուտինին հորդորեց միջամտել արցախյան խնդրի կարգավորմանը։ «Ես գիտեմ, որ որպես առաջնորդ՝ Դուք շատ բան կարող եք անել։ Հատկապես այսօր Ձեր մասնակցությունը, վերաբերմունքն այս ամենին կարող է որոշիչ լինել։ Ես չգիտեմ, թե ինչ տեղեկություններ եք Դուք ստանում, ով ինչ է Ձեզ խորհուրդ տալիս, բայց ես ուզում եմ Ձեզ դիմել ՌԴ-ում բնակվող 3 մլն հայերի անունից, այն հայերի, որոնց մասին Դուք բազմիցս հպարտությամբ եք արտահայտվել հայ համայնքի հետ հանդիպումների ընթացքում»,- ասում է Վարդանյանը։ Նա նաեւ հավատացնում է, որ ղարաբաղյան պատերազմը չճանաչված պետության տարածքային վեճ չէ, Հայաստանի ու Ադրբեջանի ազգամիջյան կռիվ չէ, ամեն ինչ ավելի քան լուրջ է։ «Ես ուզում եմ, որ Ռուսաստանը ոչ միայն օգնի, այլեւ հասկանա, որ այս գործընթացին իր մասնակցությունը կարեւոր է ոչ թե հայերի ու Հայաստանի, այլ ողջ Ռուսաստանի ժողովրդի համար։ Որովհետեւ Ղարաբաղի լոկալ կոնֆլիկտը դանդաղ գործողության աշխարհաքաղաքական ռումբ է, որը պայթելու է ու, ցավոք, պայթելու է նախեւառաջ Ռուսաստանում»,- ասում է գործարարը։

Վարդանյանն իր խոսքն ուղղում է նաեւ ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարությանը` հիշեցնելով, որ նրանք զինվորական երդում են տվել։ «Ես վստահ եմ` ձեր մեջ շատ են մարդիկ, որոնք ուզում են Ռուսաստանը հզոր տեսնել։ Բայց Ռուսաստանը հզոր կլինի միայն այն դեպքում, եթե ունենա հզոր ու ուժեղ գործընկերներ։ Մի վերացրեք ձեր վերջին գործընկերներին, այնպես արեք` ոչ ոք չկասկածի, որ Ռուսաստանի հետ կարելի է լինել հզոր ու ուժեղ եւ ոչ թե թույլ ու նվաստացած»։ Իր ուղերձում Ռուբեն Վարդանյանը դիմեց նաեւ միջազգային հանրությանը. «Գիտեմ, որ խնդիրները բազմաթիվ են՝ համավարակ, տնտեսական ճգնաժամ, ընտրություններ, քաղաքական բանավեճեր, հանրաքվե եւ իշխանության փոփոխություն: Հասկանում եմ, որ այս ամենը չափազանց կարեւոր է, բայց այսօր, ինչպես եւ տասնամյակներ առաջ, ես համոզված եմ՝ Արցախում է որոշվում մարդկության ապագան: Եթե միջազգային հանրությունը հերթական անգամ անտեսի «փոքր» ազգի թվացյալ «փոքր» խնդիրը, կստանա ահռելի ուժգնության փոթորիկ, որը կջնջի բազմաթիվ երկրներ եւ կփոխի մոլորակի աշխարհակարգը: Կոչ եմ անում անել հնարավորը այս պատերազմը դադարեցնելու համար»: 

Երեկ հանդես եկավ նաեւ «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը՝ «ՌԻԱ նովոստիին» մեկնաբանություն տալով։ Նրա կարծիքով, միայն Ռուսաստանն իրավունք ունի միջամտելու Լեռնային Ղարաբաղի իրավիճակին: Կարապետյանի խոսքով, կրակի դադարեցման հարցում հետաքրքրվածները պետք է հնարավորինս շուտ ըմբռնեն Ռուսաստանին ներգրավելու անհրաժեշտությունը. «Այսօրվա դրությամբ Ռուսաստանը տարածաշրջանում հանգստության միակ երաշխավորն է: Ես վստահ եմ, որ այսօրվա իրավիճակում միայն նախագահ Պուտինը կարող է շատ բան անել ղարաբաղյան հակամարտության հարցում, ինչը կարող է որոշիչ լինել Լեռնային Ղարաբաղի ապագայի համար: Կարելի է երկար պատրանք ունենալ, թե որեւէ այլ ուժի միջամտությունը կարող է լուծել հակամարտությունը, սակայն ակնհայտ է, որ միայն ռուսական խաղաղարար ջանքերը կարող են դադարեցնել պատերազմը: Հակամարտության կարգավորման հարցում շահագրգռվածները որքան շուտ դա հասկանան, այնքան շուտ հնարավոր կլինի խուսափել նոր կորուստներից ու անցնել խաղաղ բանակցությունների ֆորմատին»: Կարապետյանի կոչը դաժան քննադատությունների արժանացավ այն բանի համար, որ նրա «խաղաղարար» ձեւակերպումը ոմանք «խաղաղապահ» էին ընկալել ու հոխորտում էին, որ ոչ մի խաղաղապահ ոտք չի դնի Արցախի տարածք։

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն էլ կոչ արեց Ռուսաստանի հայերին՝ ցույցեր կազմակերպելու փոխարեն օգնել Արցախին։ «Արցախում այսօր որոշվում է ոչ միայն ղարաբաղցիների ճակատագիրը: Դա մենք հասկանում ենք, դա հասկանում եւ մեզ աջակցում են Ռուսաստանի ողջամիտ ուժերը: Միասին մենք անում ենք ամեն ինչ՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում հերոսական Արցախին օգնելու համար, եւ կարծում ենք, որ մեր գլխավոր նպատակը պատերազմն ու արյունահեղությունը կանգնեցնելն է»,- հայտարարեց նա՝ չհստակեցնելով, թե ռուսական որ ուժերը եւ ինչով են մեզ օգնում։

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի գնահատմամբ, հատկապես ուշագրավ էին առաջին երկուսի՝ Վարդանյանի ու Կարապետյանի հայտարարությունները։ Նա համամիտ չէ գնահատականներին, թե պատերազմի վերջը երեւում է, ու դրանով է պայմանավորված գործարարների ակտիվությունը։ «Տա Աստված, որ հանդարտվի, բայց կարծում եմ՝ այս պահին չենք կարող նման պնդումներ անել»,- մեզ հետ զրույցում ասաց նա։ «Ակնհայտ է, որ հիմա բոլոր կողմերը կփորձեն գնալ բանակցությունների, եւ կողմերից յուրաքանչյուրն իր շահերն է փորձելու առաջ մղել, կարեւոր է, որ այս ընթացքում այսպիսի զարգացումներ են ընթանում»,- ասաց նա։ Մեր հարցին, թե արդյոք նկատի ունի, որ տրամադրություննե՞ր են շոշափվում, Քոչարյանը դրական պատասխան տվեց։ Նա բնական է համարում, որ ՌԴ քաղաքացի մեր հայրենակիցները պետք է նման դիրքերից հանդես գան՝ կարեւորելով ռուսական գործոնը, բայց չի կարելի անտեսել նաեւ նրանց մտահոգությունները։ Ինչ վերաբերում է տրամադրություններին, ապա քաղտեխնոլոգը նկատել է, որ հատկապես վերջին օրերին ռուսական լրատվամիջոցները՝ նկատի ունի առաջին ալիքը, «պրոհայկական» հաղորդումներով է աչքի ընկել։ «Պատահական չէ, որ մեր Հանրայինը եւս երեկ պրոռուսական դիրքորոշում բռնեց»,- ասաց նա՝ ակնարկելով ներկուլիսային գործընթացների առկայության մասին։
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել