«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը, Թուրքիայի անմիջական աջակցությամբ, պատերազմ է սկսել Արցախի դեմ. արցախա-ադրբեջանական սահմանագծի ողջ երկայնքով ընթանում են թեժ ու արյունալի մարտեր։ Այս ժամանկահատվածում չափազանց էական նշանակություն ունի նաև տեղեկատվական պատերազմը: Չնայած մեր հասարակությունը մեծամասամբ ի ցույց դրեց նման վիճակներում տեղեկատվական գրագիտության բավականին բարձր մակարդակ, այդուամենայնիվ, հաճախ հատկապես սոցցանցային տիրույթում տարածվում են տարբեր ապատեղեկություններ, որոնք ուղղորդվում են ադրբեջանական հարթակներից։

Իր սովորության համաձայն, ադրբեջանական կողմը տարածում է ամենատարբեր ապատեղեկություններ, որոնց թեկուզ չնչին տարածումը մեր հասարակության մեջ պարզապես անթույլատրելի է։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս հարցի վերաբերյալ իրենց մտահոգությունն են հայտնել ոլորտի մի քանի մասնագետներ, որոնք ընդգծել են, որ ադրբեջանական կամ այլ դոմեյններում գրանցված ադրբեջանամետ կայքերն ուղղակի պետք է Հայաստանի տարածքում անհապաղ արգելափակել, քանի որ դրանք մեծ ծավալի սուտ ու կեղծիք են տարածում։

Ավելին, մեր ունեցած տեղեկության համաձայն, մասնագետները պատրաստվում են համապատասխան պատկան մարմիններին հորդորել, որպեսզի ՀՀ տարածքում ամբողջովին անջատվեն այդպիսի կայքերի հեռարձակումները՝ դրանով իսկ էապես սահմանափակելով ադրբեջանական քարոզչությունը և թշնամու կողմից տարվող տեղեկատվական պատերազմն ու կեղծիքն ամբողջովին «բլոկադայի» ենթարկել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել