Այս ամենը վկայում է էթնիկ զտումների նպատակի ու հայկական բնակչության նկատմամբ ահաբեկչություն խթանող ադրբեջանական քաղաքականության մասին: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Սեպտեմբերի 27-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերն Արցախի ու Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի եւ խաղաղ բնակչության նկատմամբ իրականացնում են թիրախային հարձակումներ:

Ակնհայտ է, որ առանց տարբերակման (indiscriminate) հարձակումների մտադրությունն է խաղաղ բնակավայրերին պատճառել հնարավորին մեծ վնաս, այդ թվում՝ սպանություններ ու ավերածություններ:

Այդ մասին վկայում են ոչ միայն ադրբեջանական ռազմաօդային ու հրետանային թիրախային հարձակումները, արդեն իսկ դրանց առաջացրած ծանր հետեւանքները, այլ նաեւ արգելված զինատեսակների անընդհատ օգտագործումը քաղաքների ու գյուղերի նկատմամբ:

Նշվածին պետք է ավելացնել արդեն ապացույցներով հաստատված փաստի՝ վարձկանների օգտագործումը, ինչպես նաեւ էթնիկ հայերի նկատմամբ լայնածավալ ատելության խոսքն ու բռնության, այդ թվում՝ սպանության կոչերը, որոնք ունեն պետական աջակցություն:

Եվ արդեն ակնհայտ է, որ այս ամենը վկայում է էթնիկ զտումների նպատակի ու հայկական բնակչության նկատմամբ ահաբեկչություն խթանող ադրբեջանական քաղաքականության մասին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել