Hraparak.am-ը գրում է․

Արցախում հերոսաբար զոհված լրագրող, կուրսանտ Վյաչիսլավ Բադալյանի հիշատակին

Առավոտները բոլորիս համար են դաժան ու անտանելի, աչքերը բացելուն պես ստուգում ենք հեռախոսն ու դառնանում։ Այս առավոտն էլ բացառություն չէր, աչքերս բացվեց ընկերոջ մահվան լուրով։ 

Վյաչիսլավ Բադալյանը՝ Սլավան, իմ համակուրսեցին էր։ Բանակից զորացրվելուց հետո ստացվեց այնպես, որ դասի նստեցի այլ կուրսի՝ ինձնից փոքրերի հետ, Սլավան էլ էր ինձնից փոքր տարիքով, բայց միայն տարիքով։ Մեր Սլավան կուրսի լավ սովորողներից էր, համարյա չէր բացակայում, ես դասի այդքան էլ շատ չէի գնում, աշխատում էի, բայց հաճախ էինք հանդիպում, շփվում։ Սլավան մի ուրիշ տեսակ էր, հանդարտ էր, խոսելիս դինջ, չէր բարկանում, բայց բանավիճելիս էլ չէր նահանջում։ Գաղափարներ ուներ ու հավատարիմ էր իր գաղափարներին, ուներ հայացք, սեփական տեսակետ։ Հայոց լեզուն ու Հայ գրականությունը գիտեր հիանալի ( դասախոսները սա կարդալիս կժպտան, կհիշեն Սլավային ու կհաստատեն), առօրյա խոսքում էլ գրագետ, լեզուն մաքուր էր, խոսքում հայհոյանք չկար։ Մի կարճ ժամանակ ես ու Սլավան միասին աշխատեցինք «Հրապարակ» օրաթերթում, հետո ինքը կարմիր դիպլոմով ավարտեց ու զորակոչվեց բանակ։

Ցավոք, Սլավայի հետ վիճեցինք մի օր, ինքը էլի չնահանջեց, ցավոք, ես էլ չնահանջեցի, ու ինքը բանակ գնաց ինձնից նեղացած։ Կներես, Սլավ ջան, դու ճիշտ էիր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել