Այսօր հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում անցկացվող ասուլիսի ժամանակ ՄԻՊ Արման Թաթոյանն անդրադարձավ Արցախում հայաստանյան և արտասահմանյան լրագրողների զինված հարձակման ենթարկվելու թեմային:

«Մի շարք լրագրողներ վիրավորումներ ստացան, կան ծանր վիրավորման դեպքեր: Ուսումնասիրել եմ այս առնչությամբ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, ես ընդհանրապես, որպես մարդու իրավունքերի պաշտպան, երբեք չեմ մեկնաբանել այլ երկրների գերատեսչության հայտարարություները, բայց քանի որ այս հայտարարությունը վերաբերվում է լրագրողներին և վերաբերվում է նաև զինված հարձակումների պայմաններում Արցախում աշխատանքին, հարկ եմ անպայման անդրադառնալ։

Այդ հայտարարությունը բացարձակ անընդունելի է միջազգային պահանջների տեսանկյունից, կոպիտ խախտում է միջազգային մարդասիրական իրավունքերը, փորձ է պատասխանատվությունից խուսափելու: Այդ հայտարարության մեջ նշվում է, որ արտասահմանցի լրագրողների նպատակաուղղված կերպով վտանգավոր տարածքներ տեղափոխումը ցույց է տալիս, որ Հայաստանի ղեկավարությունն անտեսում է լրագրողի անվտանգության հետ կապված պարտավորությունները, արտասահմանցի լրագրողներին օգտագործում է ապօրինի քարոզչական նպատակների համար և կոչ է արվում արտասահմանցի լրագրողներին Ադրբեջանի և ԼՂՀ շրջաններ այցի վերաբերյալ առաջին հերթին ստանալ Ադրբեջանի համաձայնությունը»,- ասաց նա:

Նրա ներկայացմամբ՝ կոնֆլիկտային և պատերազմական իրադարձությունների ժամանակ լրագրողների աշխատանքը բացարձակ լեգիտիմ է և հատկապես կարևոր է արտասահմանյան, անաչառ լրագրողների աշխատանքը, սակայն նույն ժամանակ Ադրբեջանում չի թույլատրվում արտասահմանցի լրագրողների աշխատանքը, մինչդեռ այստեղ պահպանված են եղել բոլոր լրագրողների իրավունքերը:

«Ես ուզում եմ անպայման անդրադառնալ Վարդենիսում և հարակից տարածքներում իմ փաստահավաք աշխատանքերին, բայց այցի կեսից ադրբեջանական կողմից ԱԹՍ-ների հայտնվելու պատճառով ստիպված եղանք մեր գործողությունները դադարեցնել, բայց այս միջադեպը ևս մեկ ապացույցն է այն բանի, որ թիրախովորվում են քաղաքացիական բնակավայրերը, ընդ որում՝ ակնհայտ է, որ մեր այցի նպատակը զինված հարձակումների հետևանքների փաստագրումն էր, բնականաբար այդ պահին այնտեղ կարող էր լինել ոչ միայն ՄԻՊ-ը, կարող էր նաև լինել այլ փորձագետ, բայց ակնհայտ էր, որ այդտեղ թիրախավորվում էին քաղաքացիական անձիք, որովհետև շրջակայքում չկային ռազմական  օբյեկտներ, տեխնիկաներ»,- ներկայացրեց Թաթոյանը:

Նա նշեց, որ առավել հարձակման ենթարկված տարածքներում իրականացվել են փաստահավաք աշխատանքները․ սեպտեմբերի 27-ից այդ գյուղերը եղել են զինված հարձակման ներքո, իսկ դրանից հետո ավելի ինտեսնսիվ հարձակումներ են եղել: Այդ փաստաթղթերը փոխանցվելու են միջազգային համապատասխան մարմիններին և Մարդու իրավունքերի Եվրոպական դատարանի Հայաստանի ներկայացուցչի հարցմամբ փաստաթղթերը տրամադրվելու են նրան․ «Խոցվել և վնասվել են գյուղերը, դպրոցները, արկեր են հայտնաբերվել բնակելի տներից քիչ հեռու տարածքներում»:

Խոսելով Թուրքիայի կողմից Ադրբեջանին սիրիական վարձկաններ տեղափոխելու տեղեկությունների մասին՝ Թաթոյանը նշեց, որ առկա է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդի 2019 թվականի սեպտեմբերի 26-ի բանաձև, որն ուղիղ արգելում է այդ գործողություններն ու համարում հանցավոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել