Armenpress.am-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի հարվածները որևէ արդարացում չունեն: Այս մասին Մակրոնը խոսել է Բրյուսելում ԵՄ առաջնորդների հանդիպումից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում: «Ես Ալիևին ուղիղ ասել եմ՝ հարվածը, որն Ադրբեջանը կիրակի հասցրել է Լեռնային Ղարաբաղին, չունի ոչ մի արդացում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Մակրոնը:

Նա հաստատել է նաև ջիհադիստների ներկայությունն Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական գործողություններում: «Ունենք փաստեր Սիրիայից վարձկանների ներգրավման մասին»,-ասել է նա:

Մակրոնն իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում համարել է իսկապես վտանգավոր և հիշեցրել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ հայտարարություն են տարածել, որով կոչ են անում կողմերին անհապաղ հրադադար հաստատել` առանց նախապայմանների: «Որպես Մինսկի խմբի համանախագահներ՝ անելու ենք ամեն ինչ՝ վերահաստատելու հրադադարը, որպեսզի կողմերը վերադառնան բանակցային սեղանի շուրջ»,-ասել է Ֆրանսիայի նախագահը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 11 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվել են փաստեր՝ Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Սեպտեմբերի Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն: Հայկական զինուժն ունի 103 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։

ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային շուրջ 1280 կորուստ և 2700 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 90 ԱԹՍ, 12 ուղղաթիռ, 181 զրահատեխնիկա, 4 ինքնաթիռ, 2 «Սմերչ», 3 ՏՈՍ-1Ա ծանր հրանետային համակարգ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել