Armenpress.am-ը գրում է․

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ առանձին հեռախոսազրույցներում հաստատել է պատրաստակամությունը՝ Մոսկվան առաջարկելու որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարթակ և եռակողմ հանդիպման վայր:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկցավ ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայարարությունից: Սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը: Ռուսական կողմը լուրջ անհանգստություն է հայտնել շարունակվող լայնամասշտաբ ռազմական գործողությունների կապակցությամբ: Կոչ է արվել անհապաղ դադարեցնել հրադադարը և լարվածությունը ապաէսկալացնել, ինչպես նաև կանխել սադրիչ և ռազմատենչ հռետորաբանությունը: Ընդգծվել է կողմերի՝ շուտ բանակցային սեղան վերադարձի անհրաժեշտությունը: Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի ինչպես իր ազգային կարողությամբ, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ համատեղ գործադրել միջնորդական ջանքեր `ուղղված քաղաքական և դիվանագիտական միջոցներով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման պայմանների ստեղծմանը: Վերահաստատվել է պատրաստակամությունը՝ համապատասխան շփումներ կազմակերպելու համար տրամադրել մոսկովյան հարթակը, այդ թվում՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու համար:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 103 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 920 կորուստ և 2100 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 83 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 166 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 1 «Սմերչ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել