Tert.am-ը գրում է.

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրումը նոր վտանգավոր շրջադարձ է ստացել Թուրքիայի կողմից հայկական ռազմական ինքնաթիռի խոցման մասին լուրերով: Այս մասին գրում է Washington Post-ը՝ ծավալուն հոդվածով ներկայացնելով իրադրությունը պատերազմական իրավիճակում գտնվող սահմանային շրջաններում:

Պարբերականը մեջբերել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ժամանակ նշած հայտարարությունները՝ մասնավորապես շեշտելով «պատմական հակառակորդներ Թուրքիայի և Հայաստանի հավանական պատերազմի մտավախությունը»:

Հոդվածագիր Դևիդ Իգնատիուսը գրում է, որ հեռախոսային հարցազրույցի ժամանակ Փաշինյանը նշել է, որ «Թուրքիան անկայունություն է ստեղծում իր շրջապատում, ինչպես նաև արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում, Միջին Արևելքում և այժմ էլ Հարավային Կովկասում, ինչը մեծացող սպառնալիք է համաշխարհային անվտանգության համար»:

«Պետքարտուղարությունը մեծապես մտահոգված է ԱՄՆ խոշոր դաշնակից (որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր) Թուրքիայի և Ռուսաստանի մտերիմ երկրի՝ Հայաստանի միջև առճակատմամբ: Սակայն նախագահ Թրամփը, որը նախկինում պարծեցել էր թուրք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ իր բարեկամական հարաբերություններով, դեռևս լռում է իրավիճակի մասին»,- գրում է հոդվածի հեղինակը:

Վերջինս նկատում է, որ Պետքարտուղարությունը կիրակի բռնկված ռազմական բախումներից հետո արած իր հայտարարության մեջ դեմ էր արտահայտվել «բռնության սրման գործում արտաքին ուժերի ներգրավմանը», որով, ըստ հեղինակի, նկատի է ունեցել հենց Թուրքիային: 

«Հայաստան-Ադրբեջան առճակատումը մոռացության մատնված «սառեցված հակամարտություններից» է, որը կարող է հանկարծակիորեն հալչել, երբ տարածաշրջանային և համաշխարհային լարվածությունը կրկին գլուխ բարձրացնի, և երբ քաղաքական խաղադրույքները Միացյալ Նահանգներում բարձր լինեն: Թրամփն, այնուամենայնիվ, դեռ ոչ մի տեղ չի երևում»,- եզրափակել է Իգնատիուսը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել