Այս հարցը ոչ միայն ռազմի դաշտում է լուծվում, այլ նաև քաղաքական ասպարեզում, տեղեկատվական դաշտում: Ցավոք, քաղաքական ասպարեզում գործընթացներն ինչ-որ տեղ համարժեք չեն ռազմի դաշտում տեղի ունեցածին: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց Արցախի ԱԺ  պատգամավոր Վահրամ Բալայանը՝ ներկայացնելով վերջին օրերին սահմանին տիրող իրավիճակն ու դրան զուգահեռ ընթացող խորհրդարանական դիվանագիտության շրջանում իրականացող աշխատանքները:

Ըստ նրա՝ քաղաքական ասպարեզում նախաձեռնությունները պետք է մեծացնել, որովհետև շատ դեպքերում համաշխարհային հանրությունը տեղյակ չէ այն զարգացումներին, որոնք կատարվում են Արցախում:

«Ալիևը երեկ ռուսական հեռուստաալիքով ներկայացրեց ադրբեջանական տեսակետը և ասաց, որ հայկական կողմն է սկսել ռազմական գործողությունները, և այս սուտը կարծես թե մարսվում է, և մենք պետք է փորձենք, որ այս կեղծիքը, սուտը ցրենք և ցույց տանք, որ այսօր այստեղ հողի համար պայքար չէ, այստեղ հայ մարդը չի կռվում տարածքի համար, այլ կռվում է ազատ ապրելու իրավունքն իր հայրենիքում իրացնելու համար»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ վերջին շրջանում համաշխարհային հանրության մոտ ակնհայտ երևում են մեզ ուղղված աջակցությունները, քանի որ այս հակամարտությունը միայն հայերի և հակառակորդի միջև չէ,  ավելի գլոբալ նշանակություն ունի, և միջազգային հանրության պասիվությունը թույլ կտա, որ այս բոցը տարածվի մյուս տարածաշրջաններում, և սրա ապացույցն այն է, որ տարբեր երկրներից կոչ են անում, որ երկու կողմերը ռազմական գործողությունները դադարեցնեն: «Միջազգային հանրությունը, հորդորներից բացի, պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի, սա չենք ասում նրա համար, որ մտահոգ ենք, թե պատերազմը երկար կտևի, այլ մտահոգ ենք, որ մարդ է զոհվում»:

Ըստ նրա՝ ամբողջ աշխարհին պետք է  ցույց տալ, թե ովքեր են այստեղ ապրել նախկինում, և այս երկիրը բացարձակ կապ չունի Թուրքիայի և հատկապես Ադրբեջանի հետ: «Մենք պետք է մեր ուժերի ներածի չափով նպաստենք, որ հաղթանակը կերտվի և տարածաշրջանում կայուն հաղթանակ կերտվի»:

Խոսելով քաղաքական ճակատում հնչած վերջին հայտարարությունների մասին՝ ինչպես, օրինակ՝ ՄԻԵԴ-ից, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից, որը հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները՝ Բալայանը շեշտեց, որ բոլորն էլ գիտեն, որ Թուրքիան է այս տարածաշրջանում չարիք դարձել՝ պատերազմներ սկսելու առումով, և այս ամենի նպատակը ոչ միայն հայկական իրականության դեմ պայքարն է, այլ նաև ավելի խոր, մտածված նպատակ է հետապնդում, որի համար էլ աջակցում է Ադրբեջանին:

«Սա բացահայտ ցեղասպանական գաղափար է, մոտեցում է, և այս ամենի նկատմամբ համարժեք վերաբերմունք պետք է լինի ոչ միայն հայկական կողմից, այլ նաև միջազգային հանրության կողմից: ՄԻԵԴ-ի որոշման մասին կասեմ, որ մարդիկ տեսնում են այս ամենը ոչ միայն զինվորական ուժերի վրա է,  այլ նաև խաղաղ բնակչության նկատմամբ: Դիվանագիտական այս ճանապարհը պետք է որոշակիորեն ակտիվացնել, Մակրոնի և միջազգային այլ հանրությունների հայտարարությունները խոսում են այն մասին, որ մենք նույնպես պետք է մեր գործողություններն այդ ասպարեզում ակտիվացնենք»,- ասաց պատգամավորը և հավելեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան չեն կարող հաշվի չնստել միջազգային հանրության կարծիքի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել