ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի խորհրդարանի մի քանի կին պատգամավորների հետ: Իր խոսքում Աննա Հակոբյանը նշել է, որ ստեղծված պատերազմական իրավիճակը շատ դժվար է, սակայն երկու կարծիք լինել չի կարող` անհրաժեշտ է լինել ամուր ու պինդ:

«Մենք՝ կանայքս, պետք է շատ ամուր լինենք և հաղթահարենք դժվարությունները: Իմ այստեղ գտնվելու ամբողջ իմաստը դա է, որ այս դժվարին պահին ես ուզում եմ լինել արցախահայության կողքին: Այս ընթացքում պետք է հնարավորինս ամուր լինենք: Չեմ կասկածում արցախցի կնոջ, առհասարակ հայ կնոջ ամրությանը, ես ուղղակի ուզում եմ այստեղ իմ ներկայությամբ էլ ամբողջ աշխարհը ևս մեկ անգամ համոզվի, որ չենք տատանվի, չենք  վախենա և այս պատերազմում հաղթանակը մերն է լինելու՝ ուշ թե շուտ: Սա իմ համոզմունքն է»,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ պահը պատմական պահ է, և պետք է առաջին հերթին հույսներս դնենք մեզ վրա:

«Արցախ գալու ճանապարհին ամուսինս ասաց, որ մեր տղան էլ՝ որպես պահեստազոր, պետք է գնա դիրքեր: Ստեփանակերտ գալու ճանապարհին որդուս ասել եմ. «Լավ իմացի, ես քեզ պաշտում եմ, բայց Հայրենիքի համար զոհվելուց ավելի վեհ բան այս աշխարհում չկա»: Սա ասել եմ առաջիկա ամբողջ կյանքի համար: Ոչ մի հանգամանք իմ մեջ որպես մոր, չի կարող այդ խոսքերը փոխել ո´չ այսօր, ո´չ մի տարի, ո´չ տասը տարի հետո: Ու ես գիտեմ, որ ես միակը չեմ, ոչ թե միակը չեմ, այլ հարյուր-հազարներից մեկն եմ որպես կին և մայր, և դա է մեր հաղթանակը»,- ասել է Աննա Հակոբյանը:

Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր  Մետաքսյա Հակոբյանը հանդիպմանը խոսել է արցախցու բնավորության և կամային հատկանիշների մասին՝ շեշտելով, որ այս անգամն էլ բացառություն չէ, և դժվար պահերին արցախցին միշտ համախմբվում է: Առավել ևս կանայք, բոլորը մի  ընտանիքի պես են, չկա իմ երեխա, քո երեխա, կան՝ մեր երեխաները, մեր ընտանիքները: Բոլորի տներից զինվորներ կան հենց հիմա սահմանին՝ մեկի՝ ամուսինը, մյուսի՝ եղբայրը, որդին, և այդ կանայք որևէ վայրկյան չեն ընկճվել, բոլորը վստահ են, որ մենք հաղթելու ենք և այս պատերազմում մենք հաստատ վերջին փամփուշտն ենք կրակելու և, միանշանակ, հաղթելու ենք: Մենք ուղղակի դատապարտված ենք դա անելու: Այլ տարբերակ չունենք»:

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Էլեոնորա Ավանեսյանն էլ շեշտել է, որ կանայք ամուր կանգնած են, ոչ մի րոպե անգամ չեն ցանկանում ո´չ զիջել, թեկուզ ընկճվել: «Չկա նման բան, մենք միշտ կանգուն ենք  և պատրաստ ենք մինչև վերջ գնալու»:

«Ինչպես ասում են՝ տղամարդու թիկունքն ամուր պետք է լինի: Այսօր տղամարդու թիկունքը մենք ենք՝ կանայք: Պարտավոր ենք լինել ամուր, պարտավոր ենք լինել համախմբված, և սա է մեր ուժը, մենք ուժեղ ենք միասին: Ձեզ շնորհակալություն եմ հայտնում ձեր այցելության համար: Ես ոչ մի վայրկյան չեմ կասկածում, որ այս անգամ էլ Աստված կօգնի, հաղթանակը կլինի մերը: Սա ժամանակավոր փորձություն է, ժամանակավոր դժվարություններ են, որոնք մենք պետք է հաղթահարենք պատվով, միասին, համախմբված: Աստված օրհնի մեր զինվորներին»,- ասել է «Ազատ Հայրենիք - ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Կարինա Աթայանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել