Armenpress.am-ը գրում է․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը կոչ արեց դատապարտել Արցախի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ագրեսիան և ստիպել Թուրքիային` դուրս գալ Հարավային Կովկասի տարածաշրջանից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց Россия-1 հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման ընթացքում:

«Թուրքիան ներառված է այս գործընթացում: Մեր հավաստի տեղեկություններով` Թուրքիայի ռազմական ինստրուկտորները և բարձրաստիճան սպաները այժմ գտնվում են Ադրբեջանի հրամանատարական կետերում և տեղ-տեղ, նույնիսկ, ղեկավարում են ռազմական գործողությունները: Միջազգային մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել այն մասին, որ Թուրքիան Սիրիայի տարածքից վարձկանների է տեղափոխում և տեղակայում Ադրբեջանի տարածքում` Արցախի և Հայաստանի Հանրապետության դեմ պատերազմին մասնակցելու համար: Կա տեղեկություն, որ արդեն Ադրբեջանի բնակավայրերից մի քանիսում բախումներ են տեղի ունեցել այդ վարձկանների և տեղացի բնակիչների միջև, որովհետև վարձկանները փորձում են շարիաթի կանոններ մտցնել այդ գյուղերում: Նրանք մտնում են խանութներ և ստիպում, որ դրանք դադարեցնեն ալկոհոլի վաճառքը և այլն»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն, անդրադառնալով այսօր Հայաստանի տարածքում ռուսական F-16 կործանիչի կողմից հայկական ինքնաթիռի խոցմանը, նշեց, որ այդ դեպքը ևս մեկ ապացույց է` հակամարտությունում Թուրքիայի ուղղակի մասնակցության:

«Ակնհայտ է, որ հիմա և Հայաստանի, և Լեռնային Ղարաբաղի հայերը գտնվում են Թուրքիայի անմիջական վտանգի տակ: Թուրքիան առիթ է փնտրում այս հակամարտությունում առավել լայնամասշտաբ ներգրավվելու համար: Իրենք առիթ են փնտրում, որպեսզի իրենց զորքերը տեղափոխեն Նախիջևան: Ունենք տեղեկություն, որ այնտեղ արդեն առկա են թուրքական բանակի որոշ ստորաբաժանումներ: Օգոստոսից թուրքական զորքերի մի մասը գտնվում է Ադրբեջանում, նրանք համատեղ զորավարժություններ են իրականացրել»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ հենց այդ զորավարժությունների ընթացքում է նախապատրաստվել Արցախի և Հայաստանի նկատմամբ ռազմական գործողությունը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ հաշվի առնելով 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հայոց ցեղասպանությունը, հայ ժողովուրդն այս պատերազմը դիտարկում է, որպես էքզիստենցիալ վտանգ:

«Հայաստանը պետք է օգտագործի ինքնապաշտպանվելու իր իրավունքը: Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն դատապարտի Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան, պարտադրի, որ Թուրքիան դուրս գա ընդհանրապես այս տարածաշրջանից, որովհետև այստեղ նրա ներկայությունը կարող է հետագայում ընդլայնել այս պատերազմի շրջանակները: Պարտադրի, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի մարտական գործողությունները»,- ասաց վարչապետը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստ: Հակառակորդը կորցրել է 50 անօդաչու թռչող սարք, 6 ուղղաթիռ, 80 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ:

Սեպտեմբերի 29-ին ՊԲ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը կորցրել է ևս 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 17 տանկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել