Armenpress.am-ը գրում է.

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը կոչ է արել դադարեցնել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ընթացող ռազմական գործողությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Սերբական լրատվամիջոցների հետ զրույցում Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ խաղաղությունն այլընտրանք չունի:

«Մենք խաղաղություն ենք ցանկանում, նրանք մեզ համար երկու եղբայրական և բարեկամական ժողովուրդներ են։ Մենք նրանց ցանկանում ենք այս ամենը հնարավորինս արագ կասեցնել։ Ձևականության նման է հնչում, որ խաղաղությունն այլընտրանք չունի, բայց հավատացեք՝ խաղաղությունն ամեն ինչից կարևոր է։ Մենք հավատում ենք, որ մեր եղբայր և բարեկամ հայերն ու ադրբեջանցիները դրան հասնելու ուժ կգտնեն»,- ասել է Վուչիչը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա, ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել են նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի Զինված ուժերին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական կողմն ունի 83 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստ: Հակառակորդը կորցրել է 50 անօդաչու թռչող սարք, 6 ուղղաթիռ, 80 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ: Սեպտեմբերի 29-ին ՊԲ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը կորցրել է ևս 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել