Hraparak.am-ը գրում է․

«Սեւ հովազ» ջոկատը, որը դեռեւս 89 թվականին էր ձեւավորվել, երեկվանից կամավորների է հավաքագրում՝ Արցախ մեկնելու համար: Ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանն ասում է, որ տղաները վաղուց հավաքված կանգնած են: «Հրամանի էինք սպասում, Աստծուն փառք, առիթը եղավ գնալու»,- նշեց հրամանատարը: Նրան «բարի ճանապարհ» ու «հաղթանակ» մաղթելուց առաջ հասցրինք մի քանի հարց տալ:  

- Երեկվանից հավաքագրում է ընթանում: Շատերը ծանուցագրեր են ստանում: Արդյոք ճի՞շտ է այսքան շատ մարդ, 20 տարեկան երիտասարդների հավաքելը, 90-ականները չեն, չէ՞: 

- Ես չգիտեմ՝ շատ մարդ ում են հավաքել, բայց եթե առաջնահերթ փորձառու, կռված տղաները գնային, ճիշտ կլիներ, նոր ընթացքում «Մոբ» (զորահավաք) հայտարարեին։ 

 - Որ երիտասարդներին տանում, բունկերներում սպասեցնում են, դրա օգուտը ո՞րն է:

- Ամեն դեպքում, մենք որ գնում ենք, ուրեմն մեր կարիքը կա, գործ կա անելու։ 

 - Հիմա ոնց որ թե տեխնիկայի ժամանակն է, մարդկային ուժերի օգտագործման կարիք կա՞: 

- Ինչքան էլ տեխնիկայի, հրթիռների ժամանակը լինի,  հրաձգության, ամեն դեպքում՝ զինվորով են տարածք գրավում: Որքան էլ հրթիռակոծեն, վերջում «պեխոտն» է գալու, որ գրավի եղածը։  

- Ինչպե՞ս եք գնահատում զորակոչի ընթացքը: Մի քիչ ոնց որ թե հստակ չէ՝ ով է սկզբում գնում, ինչ կարգով: 

- Հենց խնդիրը դա է։ Երեկ մենք, հենց սկսվեց, անմիջապես մի երկու ժամ հետո բոլոր տղաներին հավաքել էինք, կազմը պատրաստ՝ սպասում էինք: Ոչ միայն մենք, կապի մեջ եմ եղել նաեւ մնացած բոլոր հրամանատարների հետ: Նրանք էլ էդ վիճակում էին, ու մեր կարիքն էլ կար:  Դիրքերում մենք կապեր ունենք տղերքի հետ ու իմացանք, որ մեր կարիքը խիստ կար այդ պահին: Կարծում եմ, որ եթե առաջնահերթ մենք դուրս գայինք, պահը չկորցնեին, մեր գնալը ստեղից կարգավորեին, հաստատ էսքան կորուստներ չէինք ունենա՝  դիրքային ու մարդկային։ 

- Այսինքն, կարծում եք, որ օպերատիվությունն այնքա՞ն էլ չի պահպանվել: 

- Ես չգիտեմ, գուցե բանակի ղեկավարությունն ուրիշ պլան, ծրագիր ուներ եւ այսպես նպատակահարմար գտավ, բայց դա իմ կարծիքն է՝ որ առաջնահերթ դուրս գայինք, դա ավելի ճիշտ կլիներ, որ մենք մեր տղաների կողքին լինեինք: Ես համոզված եմ, որ այսքան կորուստ մենք չէինք ունենա այդ դեպքում: 

- Դուք գիտե՞ք, թե ում են առաջնային տանում, որ  տարիքային խմբերը: 

- Կոնկրետ ինձ հրահանգ եղել է, թե տարիքայինով մինչեւ ինչ տարիք ու քանակություն դուրս գանք։ Մեր «Սեւ հովազի» տղաներն են այստեղ՝ իրենց երեխեքի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել