Պաշտպանության բանակը հրապարակել է ադրբեջանական հարձակումը հետ մղելու ընթացքում զոհված 31 զինծառայողի անունները։ Նրանցից մեկը կին է` Արզումանյան Հասմիկ Սմբատի՝ ծնված 1985թ.-ին: 

Tert.am-ի տեղեկություններով Հասմիկ Արզումանյանը Սյունիքի մարզի Նորավան համայնքից էր: Զոհված զինծառայողի դին արդեն տեղափոխել են հայրենի գյուղ:

Կրտսեր սերժանտ Հասմիկ Արզումանյանը ՀՀ զինված ուժերում էր 2014 թվականից: Ավելի վաղ հրապարակված «Ուսադիրներով կանայք» շարքում ՀՀ Պաշտպանության նախարարությունը Հասմիկ Արզումանյանի մասին գրել էր. 

«Հրամանատարական կազմի գնահատմամբ ծառայության ընթացքում իրեն դրսևորում է որպես գրագետ, բանիմաց և կարգապահ զինծառայող: Ծառայակիցները հատկապես կարևորում են կազմակերպչական մեծ ջիղը, որի շնորհիվ կրտսեր սերժանտը բազմաթիվ նախաձեռնություններ է հեղինակում»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել