Հայաստանի կառավարությունն Ասիական զարգացման բանկից 2 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ կստանա։ Գումարը հատկացվում է «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում։

Դրամաշնորհի միջոցները կօգտագործվեն կորոնավիրուսային հիվանդության  (COVID-19) համաճարակի հետևանքով տուժած առաջնային գծի բուժաշխատողների և բնակչության համար, մասնավորապես՝ պաշտպանիչ անձնական սարքավորումների, թեստավորման կոմպլեկտների, ընդհանուր բժշկական պարագաների և այլ անհրաժեշտ միջոցների ձեռքբերման համար։

Այս համաձայնագրի վերաբերյալ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ հաշվի առնելով COVID-19 համաճարակի տարածման վիճակագրությունը՝ դրամաշնորհային համաձայնագրի ստորագրումը կենսական նշանակություն ունի պանդեմիայի կանխարգելմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորման համար, ուստի դրամաշնորհային համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը նպատակահարմար է։

Ֆինանսների նախարարությունից էլ հայտնել են, որ «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիրը Հայաստանի համար չի առաջացնի ֆինանսական պարտավորություններ, ուստի չկան առարկություններ։

Նշենք, որ  համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է  2020թ. օգոստոսի 27-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել