News.am-ը գրում է.

Այսօր վիճակագրական կոմիտեն հրապարակեց հունվար-օգոստոս ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշները, որոնք եւս մեկ անգամ փաստում են, որ Հայաստանը գտնվում է ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ։ Այս մասին իր հոդվածում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Եվ այսպես՝ 2020 թվականի հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվությունը նվազել է 6,4 տոկոսով։ Արդյունաբերությունը գրանցել է 0,9 տոկոս աճ, որը 2020 թվականի հունվար-հուլիսի համեմատ նվազել է 0,4 տոկոսով։ Նմանատիպ իրավիճակ ունենք նաեւ էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում․ հունվար-հուլիսի համեմատ աճը դանդաղել է 1,5 կետով՝ կազմելով 1,9 տոկոս։ Շարունակում են անկում գրանցել շինարարության (-19,1%), առեւտրի (-11,5%) եւ ծառայությունների (-10,8%) ոլորտները: Միջին ամսական անվանական աշխատավարձի աճի տեմպը նվազել է 0,3 կետով՝ կազմելով 4,7 տոկոս։ 2020 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում 0,9 կետով բարելավվել է արտաքին առեւտրաշրջանառությունը՝ կազմելով -10,2 տոկոս․ արտահանումը անկում է գրանցել -6 տոկոսով, իսկ ներկրումը՝ -12,4 տոկոսով։

Հատկանշական է, որ վերջին շաբաթների ընթացքում գործող իշխանությունները եւ նրանց համակիր մասնագիտական շրջանակները հող էին նախապատրաստում, որ Հայաստանի տնտեսությունը օգոստոսին կկոտրի անկման տեմպը, եւ մենք կանցնենք ճգնաժամի պիկը։ Եվ կանխատեսելի էր, որ վիճակագրությունը չէր կարող «չարձագանքել» նման քաղաքական ճնշումներին։ Եթե 2020 թվականի հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատ տնտեսական ակտիվությունը նվազել էր 10,2 տոկոսով, ապա օգոստոսին անկումը եղել է -9,8 տոկոս, այսինքն՝ անկումը կրճատվել է 0,4 տոկոսով, ունենք «դրական» դինամիկա։ Անընդունելի եւ դատապարտելի է, որ իշխող ուժը, քաղաքական նպատակահարմությունից ելնելով, թվանկարչությամբ է զբաղվում, չգիտակցելով՝ դրանով ինքն իրեն ավելի վատ դրության մեջ է դնում, քանի որ իրականությունից կտրված եւ սխալ ազդակներ են փոխանցում բիզնեսին եւ ազգաբնակչությանը։ Հետագայում նաեւ թվանկարչության պատճառով՝ նույն կառավարությունը կորցնելու է իր վստահությունը միջազգային ֆինանսական կազմակերպությունների եւ երկրների մոտ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել