News.am-ը գրում է․

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ դուրս եկավ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրից։

Նա լրագրողների հարցերին չպատասխանեց. «Փաստաբանները կպատասխանեն»։

Լրագրողի հարցին՝ արդյոք ինքը շարունակո՞ւմ է պահանջել Կառավարության հրաժարականը, ԲՀԿ առաջնորդն ասաց. «100 տոկոսինը պահանջում եմ»։

Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 25-ին, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ քննվում էր Ծառուկյանի  խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի քննությունը նշանակվել էր սեպտեմբերի 23-ին, սակայն պաշտպանական կողմը չէր ներկայացել դատական նիստին, պատճառաբանելով, որ իրենք պատշաճ չեն ծանուցվել։

Հիշեցնենք, որ պաշտպանները Գագիկ Ծառուկյանի գործով հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՔԾ-ին։ Նրանք հայտնել են, որ ունեն փաստական տվյալներ այն մասին, որ ինչ-որ պաշտոնատար անձանց անօրինական միջամտության արդյունքում «որոշվել» է, որ վճռաբեկ դատարանը հնարավորինս սեղմ ժամկետում պետք է մերժի ներկայացված վճռաբեկ բողոքները, որպեսզի դատական գործը շատ արագ մուտքագրվի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, հնարավորինս արագ կարգով քննություն իրականացվի եւ Գագիկ Ծառուկյանը կալանավորվի։

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել