Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր քննարկվել է Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 2019թ. գործունեության հաշվետվությունը եւ 2020թ. առաջին 8 ամսվա աշխատանքների կատարողականը: Այս մասին հայտնում են Կաառավարության լրատվության ծառայությունից։

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշել է, որ այս տեսչական մարմինը ձեւավորվել է նախկինում գործող 5 տեսչության օպտիմալացման արդյունքում եւ իրականացնում է տեսչական գործառույթներ՝ քաղաքաշինության, տեխնիկական, հրդեհային անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի, հողօգտագործման եւ քարտեզագրման բնագավառներում: Կատարվել են օրենսդրական փոփոխություններ, կարգավորվել են տեսչական մարմնի կողմից վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու շրջանակը եւ լիազորությունները: Ինչպես տեսչական մյուս մարմիններում, այստեղ եւս ամբողջովին ներդրվել է ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգ:

Ապա Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը զեկուցել է հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները: Նրա խոսքով՝ 2019թ. տեխնիկական եւ հրդեհային անվտանգության ոլորտում ստուգումներ են իրականացվել 1200-ից ավելի դպրոցներում, այժմ ՏԻՄ հետ քննարկումներ են ընթանում ազդանշանման ինքնաշխատ համակարգերի եւ հրդեհաշիջման կահավորանքի թերությունները վերացնելու ուղղությամբ: Վարչապետի հանձնարարությամբ իրականացվել է 135 ստուգում, բացահայտվել է գրեթե 1200 խախտում, տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվել են խորհրդատվություն եւ խախտումները վերացնելու կարգադրագրեր: Հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել ՀՀ գործող բոլոր մանկական ճամբարներում եւ կարուսելներում, կրկնայցերի շրջանակում պարզվել է, որ խախտումների մեծ մասը վերացված է։

Քաղաքաշինության ոլորտում՝ 2700-ից ավելի դիտարկումների ընթացքում հայտնաբերվել է 411 ինքնակամ կառույց, տրանսպորտի անվտանգության ոլորտում իրականացվել է մշտադիտարկում կանոնավոր ուղեւորափոխադրումների կազմակերպման գործընթացի, տրանսպորտային միջոցների շահագործման եւ տեխզննության անցկացման կայանների գործունեության նկատմամբ, էներգետիկայի ոլորտում՝ էներգատեղակայանքներում իրականացվել են տեխնիկական ստուգումներ: Ներկայացվել են արձանագրված թերությունները շտկելու եւ խախտումների վերացնելու վերաբերյալ առաջարկներ: Հողօգտագործման ոլորտում՝ ստուգում է իրականացվել մարզային 21 համայնքում, արձանագրվել է 339 խախտման դեպք, կազմվել է 21 ակտ, որոշ խախտումների մասով հարուցված են քրեական գործեր։

Գ. Շախբազյանը նշել է, որ Covid-19-ով պայմանավորված՝ ՏՄ 2020թ. գործունեության տարեկան ծրագրով սահմանված մի շարք միջոցառումներ կատարվել են ոչ ամբողջ ծավալով: Այնուամենայնիվ, տեսչական գործառույթները շարունակաբար իրականացվել են նշված բոլոր ոլորտներում եւ ուղղություններով: Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ ստեղծվել է 11 աշխատանքային խումբ, եւ Ոստիկանության հետ համատեղ իրականացվում են ամենօրյա մշտադիտարկումներ տրանսպորտի ոլորտում, որոնց արդյունքում արդեն կազմվել է 1797 արձանագրություն։ Ստուգումներ են իրականացվել պայթյունավտանգ օբյեկտներում:

Հաշվետվությունը լսելուց հետո վարչապետն անդրադարձել է մի շարք հարցերի՝ մասնավորապես, հետաքրքրվել է հակահրդեհային կանոնների խախտումների արձանագրումից հետո տարվող աշխատանքով: Պարզաբանումներ են ներկայացվել տարբեր նշանակության ռիսկային օբյեկտներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների եւ ձեռնարկված միջոցառումների մասին: Քքննարկվել է հակահրդեհային ապահովագրության համակարգի ներդրման հարցը: Կառավարության ղեկավարը խոսել է նաեւ գազի ներտնային սպասարկմանն առնչվող ռիսկերի մասին՝ կարեւորելով չափանիշների սահմանումը եւ արդյունավետ վերահսկողությունը:

Վարչապետն անդրադարձել է հանրապետության տարածքում առկա ինքնակամ կառույցների խնդրին՝ հետաքրքրվելով մշակվող լուծումներով: Պատասխանատուները զեկուցել են, որ այդ նպատակով մշակվել եւ շրջանառվում է համապատասխան օրենսդրական կարգավորումների փաթեթ: Նիկոլ Փաշինյանը կարեւորել է հանրության շրջանում այն մոտեցման տարածումը, որ ցանկացած շինարարություն իրականացնելու համար պետք է համապատասխան նախագիծ ունենալ եւ ընդգծել, որ օրենսդրական դաշտի ապահովումը եւս կնպաստի այսուհետ ինքնակամ շինարարության բացառմանը: Քննարկվել են նաեւ վտանգավոր թափոնների կառավարմանը եւ պայթյունավտանգ օբյեկտներին վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանը քննարկման արդյունքներով հանձնարարականներ է տվել պատասխանատուներին:

Հաջորդիվ ներկայացվելու են Սննդամթերքի անվտանգության եւ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինների գործունեության հաշվետվությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել