168.am-ը գրում է.

Եթե փորձենք մի քանի բառով ներկայացնել ՀՀ օրվա իշխանության բնորոշումը, ապա դա կունենա մոտավորապես հետևյալ տեսքը․ մեծամտություն, ինքնահավանություն, իրենց քննադատողներին պիտակավորում, հակառակորդներին ծախված լինելու մեջ մեղադրանք, նրանց տոտալ նսեմացում․ ահա այն որակները, որոնցով աչքի է ընկնում փաշինյանական խունտան։

Հետևելով Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի գործունեությանը, ակնհայտ է դառնում, որ նա ամբողջապես իրեն նվիրել է տոտալ քարոզչությանը։ Այն աշխատանքները, որոնք ժամանակին նույնիսկ հարկ էլ չի համարվել լուսաբանել, Փաշինյանի թիմը նկարահանում, բոլոր մանրամասնություններով ցուցադրում է ամենատարբեր հարթակներում, անգամ ֆեյսբուքյան գովազդի գործիքն են գործածում։

Ըստ էության՝ եթե իշխանությունը ցանկանում է, որ երկիրը զարգանա, հակակշիռների մեխանիզմներն աշխատեն, քանդելու փոխարեն՝ կառուցվեն, նորոգվեն համակարգեր, պետք է ոչ թե կառավարման մեխը դարձնի ընդդիմախոսների դեմ քրեական գործեր բացելը, բոլոր խնդիրների մեղավորությունն այս կամ այն նախկին իշխանավորի վրա բարդելը, այլ նաև այդ «նախկինների» փորձը, քննադատությունը, սխալները հաշվի առնելով՝ առաջ շարժվելը։

Այսօր մի իրավիճակ է, երբ երկիրն ապրում է անցյալով, չունի ներկա, իսկ ապագան՝ ցավոք, խիստ մշուշոտ է։

Եթե ուշադիր հետևենք Փաշինյանի վարքագծին, ապա պարզ է դառնում, որ այս շրջանում նա փորձում է քաղաքական դաշտում վերջնականապես միանձնյա ավտորիտար կառավարում հաստատել և այդ ուղղությամբ հստակ քայլեր է իրականացնում, որը հանրությանը մատուցվում է «20-ամյա թալանը հետ բերելու» կամ «կոպեկ առ կոպեկ բյուջեից տարվածը վերադարձնելու» հայտնի պոպուլիստական արտահայտություններով։

Ներկայումս իշխանությունները, հասկանալով, որ վերջին շրջանում երկրում ստեղծված համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ չեն կարողանալու պետբյուջե մուտքեր ապահովել, և տնտեսական ավելի մեծ անկումն անխուսափելի է, ամեն գնով փորձում են օր առաջ կյանքի կոչել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին օրենքը։ Փաշինյանը փայլուն կերպով գիտակցում է, որ պետական կառավարման ողջ պատասխանատվությունը, որն ընկած է իր ուսերին, ինքն ամբողջությամբ տապալել է, իսկ վերոնշյալ օրենքի իրագործումը կարող է որոշակի շղարշ հանդիսանալ և դառնալ իր և իր թիմի համար փրկօղակ։ Դա հիմնականում Փաշինյանին կընձեռի ևս մի հնարավորություն իր խունտայի որոշակի քաղաքական կյանքի երկարաձգման հարցում։

Ինչպես հայտնի է, արդեն ձևավորվել է համապատասխան կառույցը, որը Գլխավոր դատախազությանը կից մարմին է։ Սակայն ամեն ինչ չէ, որ այդքան միանշանակ է․ իրականում հնարավոր է կարճ ժամկետում ակտիվ ու կազմակերպված մշակել աշխատանքային պլան և իշխանություններին ներկայացնել հստակ քայլերի մեխանիզմ։

Սակայն այստեղ շատ կարևոր է ֆիքսել այն դրվագը, որ այս օրենքի կիրառելիությունը, բացի նրանից, որ բավականին լուրջ ու համակցված գործիքակազմ է պահանջելու, նաև որոշակի տևական գործընթացներ է անցնելու, և չի բացառվում, որ որոշ գործերի քննություն նույնիսկ տարիներ տևի։

Այսինքն, եթե անգամ Փաշինյանն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին օրենքը ցանկանում է օգտագործել իր համար որպես տնտեսական փրկօղակ, այդ ամենն այդքան էլ հեշտ ու արագ իրականացվող գործընթաց չի լինելու։ Ըստ էության՝ այս օրենքի կիրառումը փաստացի ոչ թե օգնելու է օրվա իշխանություններին, այլ անմիջական ազդեցություն է ունենալու երկրից կապիտալի արտահոսքի վրա, քանզի մարդիկ վաղ թե ուշ հասկանալու են, որ երկրում առողջ մթնոլորտն ուղղակի բացակայում է, տնտեսության նկատմամբ չկա վստահություն, քանզի կա մտահոգություն, որ գործ ունենանք ոչ թե իրական ապօրինությունների բացահայտման, այլ անցանկալիների դեմ պայքարի միջոցի հետ։

Ամփոփելով՝ նշենք, որ այս ամենն արտաքին աշխարհում ՀՀ վարկանիշի անկման վրա հերթական լուրջ չափաբաժինն է ունենալու և գրեթե իսպառ վերացնելու է առանց այդ էլ գոյություն չունեցող ներդրումների հոսքը դեպի ՀՀ։

Արմեն Հովասափյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել