Hraparak.am-ը գրում է․

Հայաստանում կորանավիրուսային թակարդի մեջ ամիսներ շարունակ գտնվող հայ քաղաքացիները, ՌԴ կամ ՀՀ անձնագրերով, արդեն հուսահատության եզրին են և հացադուլի մեջ են․ ուղիղ կառավարության շենքի դիմաց, երեխաներով, վերմակ-դոշակներով ու զանազան պաստառներով։ Դրանցից մեկն էլ` хочу в Россию:

Հայաստանի իշխանությունները մինչ այժմ, ըստ էության  հայտարարել են, որ իրենցից որևէ բան կախված չէ։ Այսօր «Հրապարակը» ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանից փորձեց ճշտել, թե ինչ քայլեր է ձեռնարկել, ձեռնարկում կամ ձեռնարկելու Հայաստանի կառավարությունը ՝ այս մարդկանց խնդիրը լուծելու համար։ Ստացված պատասխանը նույնաբովանդակ է։ «Նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում օտարերկրացիների մուտքի սահմանափակման վերաբերյալ որոշումների կայացումը բացառապես տվյալ երկրի իրավասության դաշտում է, և, ինչպես արդեն նշել ենք, դրանք պայմանավորված չեն երկկողմ հարաբերություններով կամ փոխադարձության սկզբունքով: Այդ մեխանիզմների ներդրումը պայմանավորված է բացառապես հակահամավարակային ներպետական ծրագրերով ու համալիր միջոցառումներով, համավարակի դեմ պայքարի արդյունավետությամբ, առողջապահական համակարգի կարողություններով: Պետք է նշենք, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ ողջ աշխարհում է ստեղծվել աննախադեպ արտակարգ իրադրություն, որը ենթակա է պարբերական փոփոխության և որի հասցեագրման ուղղությամբ մեխանիզմները մշակվել և ներդրվել են նորովի: Խնդրի լուծումը մեծապես կախված է համաճարակային ընթացիկ վիճակի կայունացման դինամիկայից»,-ասված է ԱԳՆ-ից ստացված պատասխանում։

Ինչ վերաբերում է ռուսաստանյան կողմի հետ աշխատանքներին, ընդգծվում է, թե կառավարությունը շարունակում է «ռուսաստանյան կողմի հետ աշխատանքներ տանել ինչպես ՀՀ-ՌԴ միջև կանոնավոր ավիափոխադրումների վերականգնման, այնպես էլ Ռուսաստան ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի հանման կամ չեղարկման ուղղությամբ։ Այս առումով աշխատանքներն ընթանում են իրենց բնականոն հունով: Հարցը քննարկվում է նաև ԵԱՏՄ հարթակում՝ համապատասխան գերատեսչությունների միջև»:Պատասխան գրության մեջ նշվում է նաև, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Առողջապահության նախարարությունը մշտական կապի մեջ են իրենց գործընկերների հետ, իրականացվում է երկու երկրների համաճարակային իրադրության վերաբերյալ օպերատիվ վիճակագրության ամենօրյա փոխանակում: 

Մինչ այս մեր հայրենակիցները հայտարարում են, որ ՌԴ-ն բացել է սահմանները ԵԱՏՄ բոլոր երկրների համար, բացառությամբ Հայաստանի։

Թե ինչու, այս մասին հարցրել ենք Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, որն ասաց, թե քանի որ հստակ տեղեկատվություն չունի, կարող է միայն ենթադրությունների մակարդակով դատողություն անել։ «Երբ Հայաստանի Հանրապետության ղեկավարը միանգամից  4 ամսով  կարանտին է հայտարարում մեր երկրում, նշանակում է ինքը համավարակի վիճակը գնահատում է շատ լուրջ ու ծանր։ Այսինքն՝ ասում է, որ մեզ մոտ՝ Հայաստանում նման ծանր խնդիր կա, կնշանակի՝ մյուսներն էլ պետք է  դրանից մտահոգվեն ու մտածեն՝ արժե՞ այս երկրից քաղաքացիներ բերենք, նորից գլխացավանքի մեջ ընկնենք»։

Արամ Սարգսյանը նաև ընդգծեց՝ եթե ասում են, որ ԵԱՏՄ շրջանակներում հարցը բարձրաձայնվում է և կա քննարկում, ապա դա պետք է արվի օպերատիվ, որպեսզի մարդիկ հասկանան, որ խնդիրը կարևոր է․ մարդիկ ուզում են վերադառնալ, իրենց ընտանիքների հետ միանալ։

Ի դեպ, Արամ Սարգսյանը մեկ այլ վարկած էլ է առաջ քաշում՝ չբացառելով, որ հենց ՀՀ իշխանությունները շահագրգռված լինեն փակ սահմաններով, որպեսզի այստեղից արտագաղթի հզոր ալիք չլինի՝ հասկանալով, որ արդեն իսկ կա իշխանությունից շատ մեծ դժգոհություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել