168.am-ը գրում է․

Սեպտեմբերի 19-ին shamshyan.com-ը, հղում կատարելով իր աղբյուրներին, տեղեկացրեց, որ ««Սևանի» գաղութի աշխատակիցները կեսօրին նկատել են, որ սև գույնի կատուն մտել է քրեակատարողական հիմնարկի տարածք, սակայն իրենց փորձառության շնորհիվ նկատել են, որ կատվի պարանոցին կասկածելի վզկապ կա:

Գաղութի աշխատակիցները տարբեր միջոցներ գործադրելով՝ կարողացել են կատվին բռնել: Պարզվել է, որ կատուն եղել է վարժեցված, իսկ պարանոցին առկա է եղել թմրամիջոցներ թաքցնելու համար ինքնաշեն եղանակով պատրաստված սև գույնի կաշվենման վզկապ»:

Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ զննությամբ կատվի պարանոցին ամրացված վզկապի մեջ հայտնաբերվել է «Բիլայն» տեսակի՝ թվով 4 հատ բաժանորդային քարտ, ինչպես նաև 10 հատ առանձին փաթեթներ, որոնցից 8-ում հայտնաբերվել է 2,2 գրամից մինչև 2,3 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող կանաչավուն զանգված:
Մեկ այլ փաթեթում հայտնաբերվել է 4,3 գրամ ընդհանուր քաշով «շոկոլադկա» տեսակի թմրամիջոցի նմանվող մուգ-շագանակագույն, մանրացված զանգված:
Իսկ 10-րդ փաթեթում հայտնաբերվել է 15,1 գրամ ընդհանուր քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցի նմանվող մուգ շագանակագույն կոշտ զանգված:

Գ. Շամշյանի տեղեկություններով, հայտնաբերվածն ամբողջությամբ փաթեթավորվել է, փաստի առթիվ էլ «Սևան» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում:

Նույն տեղեկատվությունն արդեն սեպտեմբերի 22-ին, փոքր-ինչ այլ ձևակերպումներով, հրապարակվեց https://www.penitentiary.am/news/sevan-qkh-katu-tmramijoc Քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքում:

Ի դեպ, ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հայտնաբերման մասին Սևանի գաղութում իմանալով, դատապարտյալները փորձել են հետաքրքրվել, թե կատուն, որին դատապարտյալներն անվանում էին «Զազո», ինչպե՞ս է եղել, որ բռնվել է:

«Ու երևի հիմա իրար ասում են, որ իրոք այլևս այն ժամանակները չեն, որ կարողանան անարգել արգելված իր մտցնել գաղութ: «Զազոյի» հայտնաբերման դեպքը հերթական անգամ ապացուցեց, որ օձն իր պորտով, հավքն իր թևով չեն կարող մուտք գործել գաղութներ, քանի որ աշխատակիցներն արդեն այնպես են վարպետացել, որ անմիջապես նկատում և կանխում են ցանկացած շարժ. կլինի վարժեցված աղավնի, թե՝ կատու»,- գրել էր սկզբնաղբյուր կայքը:

Հավատում ենք, անշուշտ, որ հատկապես վերջին մոտ մեկ տարում ՔԿ ծառայողներն այնքան են հմտացել, որ կանխում են քրեակատարողական հիմնարկների օդում, ջրում և ցամաքում նկատվող ցանկացած շարժ, բայց մի փոքր կրեատիվությունն ու շրջահայացությունը, այնուամենայնիվ, Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) ղեկավարությանը չէր խանգարի:

Շատերն են հիշում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած լուսանկարը կեռաս քաղելիս: Ու հիշում են նաև, թե ինչ մեմերի թեմա դարձավ այդ լուսանկարն ու որքան ծաղրվեց:

Թարմացնելով մեր ընթերցողների հիշողությունը՝ նրանց ուշադրությունը հրավիրենք արդեն իսկ ՔԿԾ հրապարակած լուսանկարի վրա, որտեղ ՔԿ ծառայողը որսում է «փոստատար» կատվին, ու հայտնի մտավարժանքի օրինակով՝ խնդրենք գտնել այդ լուսանկարների միջև 10 տարբերություն:

Վստահաբար շատերն առաջին հայացքից կշփոթեն երկու լուսանկարներում պատկերված անձանց, ինչը հասկանալի է: Մնում է հասկանանք՝ ի՞նչ մեսիջ են ցանկացել այդ լուսանկարի հրապարակմամբ տեղ հասցնել ՔԿԾ-ում:

Հազիվ թե այնտեղ չիմանային, որ այդ լուսանկարը կթարմացնի վարչապետի անհաջող լուսանկարի մասին հիշողությունը: Եթե դա հաշվի չեն առել, վատ է, իսկ եթե ամեն դեպքում նկատի են ունեցել, ուրեմն, հիրավի անհասկանալի վարքագիծ է դրսևորվել, որովհետև եթե մեկը կարող է մտածել, որ քծնում են Նիկոլ Փաշինյանին՝ տառացիորեն նույնաբովանդակ լուսանկարի հրապարակմամբ, մեկ ուրիշն էլ հաստատ կարող է մտածել, թե հեգնում են:

Ուշագրավ է, որ ՔԿ ծառայության այլ հրապարակումների ոգեշնչման աղբյուր էլ է վարչապետը: Օրինակ, երբ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ հրապարակեց այն մասին, թե ինչպես էր Գյումրիում Գյումրվա ավանդական կերակրատեսակ «քյալլան» կտրատում, հրապարակեց նաև լուսանկար, «քյալլայի» թեման անմիջապես նույն օրն ակտուալ դարձավ քրեակատարողական համակարգում, և անմիջապես Ծառայության կայքում հայտնվեց «Գյումրվա քյալլան որպես թմրամիջոցի և արգելված իրերի թաքստոց. երեք դեպք նույն օրում» վերնագրով հրապարակումը:

Հուսանք՝ ՔԿԾ-ում ստեղծագործական մտքի վերելք կլինի, և, օրինակ, արգելված իրերի հաջորդ խմբաքանակը չի հայտնաբերվի Չալո շան մոտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել