Այսօր Երևանի Կենտրոն և Նոր Նորք ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ պետք է ընթանար «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց ընտրելու վերբերյալ դատական նիստը: Tert.am-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկայնի պաշտպանները չէին ծանուցվել դատական նիստի մասին, ինչի համար էլ չէին ներկայացել դատարան: Դատական նիստը չի կայացել:

Նշենք, որ երեկ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որում, մասնավորապես, ասվում էր. «Վաղը կայանալիք դատական նիստում քննարկվելու է այն միջնորդությունը, որի կապակցությամբ Առաջին ատյանի դատարանի կայացրած մերժման որոշումը դատախազության կողմից բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ դատարան։ Վերաքննիչն էլ որոշել էր դատախազության բողոքը մասնակիորեն բավարարել, առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանել և նույն դատարան նոր քննության ուղարկել»,- գրել էր նա։

Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդին կալանավորելու միջնորդություն ներկայացրել էր ԱԱԾ-ն, նրանք հունիսի 14-ին խուզարկություն էին սկսել Ծառուկյանի առանձնատանը, իսկ հունիսի 16-ին Գագիկ Ծառուկյանը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվեց: Դրանից հետո դատարանը քննում էր նրա խափանման միջոցի ընտրության հարցը, և ի վերջո դատավոր Ռոբերտ Պապոյանը որոշում կայացրեց մերժել ԱԱԾ-ի՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը: Նշենք, որ Ծառուկյանի դեմ 3 քրեական գործ է հարուցվել՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։ Ըստ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ իր հանդեպ իրականացվում է քաղաքական հետապնդում, իսկ առաջադրված մեղադրանքները շինծու են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել