Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված միջադեպի հիմնական թիրախը «Հյուսիսային հոսք 2» գազատարն է: Այս մասին սեպտեմբերի 22-ին հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, գրում է eadaily.com կայքը:

«Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունն արձանագրում է արևմտյան որոշ երկրների բարձր ակտիվությունն այսպես կոչված «Նավալնիի գործը» խթանելու հարցում: Ավելի ու ավելի նկատելի է դառնում, որ այս արշավի հիմնական թիրախներից մեկը «Հյուսիսային հոսք 2»-ն է: Նավալնիի հետ կապված իրավիճակի պատճառով «Հյուսիսային հոսք 2»-ն արգելափակելու փորձերը անբարեխիղճ մրցակցության օրինակ են»,-ընդգծել է Նարիշկինը:

Սրա հետ կապված Նարիշկինը հույս ունի, որ ԵՄ-ն ցուրտ ձմռանից առաջ ողջախոհություն կցուցաբերի:

Ալեքսեյ Նավալնիի թունավորման պատմությունից հետո Եվրոպայում բուռն քննարկումներ են սկսվել 94%-ով պատրաստ բալթյան գազատարի ճակատագրի վերաբերյալ: Գերմանիայի կառավարությունը չի բացառում նախագծի դադարեցումը: Ստեղծված իրավիճակի ֆոնին «Հյուսիսային հոսք 2»-ի եվրոպական հակառակորդները ՝ Լեհաստանը և Ուկրաինան,լավելի են ակտիվացել:

Եվրախորհրդարանը կոչ է արել դադարեցնել նախագիծը, իսկ Եվրահանձնաժողովի ղեկավարը այն «քաղաքական» է բնորոշել:

Հիշեցնենք, որ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռչելիս: Նրան տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկ քաղաքում, ուր նրան հոսպիտալացրել են շտապ օգնության թիվ մեկ հիվանդանոց: Հիվանդանոցի մասնագետները Նավալնիի օրգանիզմում թույնի հետքեր չէին հայտնաբերել: Ըստ նրանց՝ հետազոտությունները միայն ալկոհոլի և կոֆեինի հետքեր են ցույց տվել: Հայտնի է, որ չվերթից առաջ Նավալնին թեյ է ըմպել օդանավակայանի սրճարանում:

Օգոստոսի 22-ին Նավալնիին ինքնաթիռով տեղափոխել են Բեռլինի Charite հիվանդանոց, որի մասնագետներն ավելի ուշ հայտարարել էին վերջինիս թունավորման մասին, իսկ Գերմանիայի զինված ուժերի մասնագետները մաշկի, արյան և մեզի նմուշների մեջ «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութի հետքեր էին հայտնաբերել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել