News.am-ը գրում է․

Մեծ հաշվով որևէ գնահատական չունեմ, ուզում են հանրահավաք անել, թող անեն:  Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և Հայ Յեղափոխական դաշնակցություն կուսակցությունների հրավիրած համատեղ հանրահավաքին:

«Չեմ կարծում, որ այդ ուժերին կհաջողվի հանրային մոբիլիզացիա ապահովել՝ երկու պատճառով: Նախ՝ չեմ կարծում, որ բոլոր խնդիրներով հանդերձ՝ հանրության շրջանում մեծ դժգոհություն կա, երկրորդ՝ չեմ կարծում, որ նույնիսկ եթե այդպիսի դժգոհություն լինի, այդ ուժերն են, որ պիտի որևէ մեկին մոբիլիզացնեն: Ընդհանուր առմամբ՝ կարծում եմ, որ այդ երեք ուժերը երբևիցե չեն կարողանալու Հայաստանում որևէ լայն աջակցություն մոբիլիզացնել, և դրա պատճառներն իրենք կարող են փնտրել իրենց անցյալում, ներկայում կամ այլ տեղերում»,- նշեց Ռուբինյանը:

Ըստ նրա՝ հանրային մեծ դժգոհություն չկա ներկայիս իշխանության աշխատաոճի նկատմամբ: Հարցին, թե արդյոք Ռուբինյանը բացառում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ, վերջինս պատասխանեց, որ նման անհրաժեշտություն չի տեսնում, բայց ոչինչ չի բացառում և չի բացառում, որ տարբեր փաստեր կպարզվեն ընդդիմադիր գործիչների վերաբերյալ:

 «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական դաշնակցություն», «Հայրենիք» կուսակցությունները, գնահատելով երկրում ստեղծված իրավիճակը, անխուսափելի համարելով նոր որակի և ազգային իշխանության ձևավորման հրամայականը, ս.թ. հոկտեմբերի 8-ին ժ. 1800-ին, Ազատության հրապարակում հրավիրում են համապետական հանրահավաք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել