Մենք համագործակցում ենք տարբեր ուժերի հետ և միասնական որոշակի նախաձեռնություններ ենք ունենում, երբ մեր օրակարգերը հանընկնում են: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք երկրում հանրային դժգոհություններն այնքան մեծ են, որ ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին, «Հայրենիք» կուսակցությանը կհաջողվի հանրային լուրջ մոբիլիզացիա ապահովել, և հարցին՝ հնարավո՞ր է՝ ինչ-որ փուլում ԼՀԿ-ն միանա նրանց:

«Մինչ օրս մեր օրակարգը ԲՀԿ-ի օրակարգի հետ համընկել է՝ կապված ՍԴ դիմելու, կորոնավիրուսի քննիչ հանձնաժողով ստեղծելու, այլ քննիչ հանձնաժողովներ ստեղծելու հետ, և դրանք հաջողությամբ են պսակվել: Յուրքանչյուր ուժ ունի իր օրակարգը, և նոր բան չկա, որ որևէ ընդդիմադիր ուժ կամ ուժեր հանրահավաք են կազմակերպում: Այն, որ դժգոհութուններ կան գործող իշխանության կառավարումից, միանշանակ է»,- ասաց նա:

Հարցին՝ եթե հանրահավաքին հնչի իշխանության հրաժարականի պահանջ, ԼՀԿ-ն կմիանա՞, Մարուքյանն արձագանքեց՝ եթե ԼՀԿ-ն ունենա այդ պահանջը, խորհրդարանում կնախաձեռնի իմպիչմենտի գործընթաց:

Հարցին՝ ԼՀԿ-ն դնում է առանձին նախարարների հրաժարականների պահանջներ, բայց ընդհանուր իշխանափոխության հարց իր օրակարգում չունի՞, Մարուքյանն արձագանքեց, թե ԼՀԿ-ն ունի ընդհանուր իշխանափոխության հարց. դա ապագա խորհրդարանական ընտրությունների հարց է, և պետք է լուծել խորհրդարանական ընտրություններով:

«Կարծում ենք՝ 2023-ին՝ հերթական ԱԺ ընտրություններին, ՀՀ-ում պետք է լինի իշխանափոխություն: Այս իշխանությունից իմ ակնկալիքն այն է, որ ընտրությունների միջոցով իշխանությունը հանգիստ հանձնի: Ես ուրիշ գլոբալ անկալիք այլևս չունեմ այս իշխանությունից, ակնկալում եմ, որ չի կեղծի ընտրությունները, ադմինիստրատիվ ռեսուրս չի կիրառի, չի օգտվի սուպերվարչապետական համակարգից, և եթե պարտվի ընտրություններում, իշխանությունը կհանձնի խաղաղ, և ՀՀ-ում առաջին անգամ տեղի կունենա խաղաղ իշխանափոխություն»,- ասաց Մարուքյանը:

Նա ընդգծեց՝ իշխանության հրաժարականի պահանջը պետք է ունենա հստակ կառուցվածք, օրինակ՝ եթե ասում են՝ վարչապետը պետք է հրաժարական տա, պետք է ասեն՝ ում են տեսնում վարչապետ:

«Կորոնավիրուսի ճգնաժամի կառավարման հետ կապված լուրջ մտահոգություններ ունենք և ստեղծել ենք քննիչ հանձնաժողով: Կարծում եմ՝ այս պահին թիվ մեկ խնդիրն այնպես անելն է, որ համավարակի հետ կապված սխալները այլևս չկրկնվեն, և այնպես անել, որ տնտեսական, սոցիալական առումով մեր ժողովուրդը որքան տուժել է, վնասները չեզոքացվեն, նվազեցվեն»,-նշեց ԼՀԿ ղեկավարը:

Դիտարկմանը, թե Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը հայտարարել է, որ ՀՀ և Արցախի իշխանությունները վտանգավոր քաղաքականություն են վարում արտաքին և ներքին քաղաքականության առումով, և ձախողումներ կան բոլոր ոլորտներում, Մարուքյանն արձագանքեց, թե Բալասանյանը կրկնում է ԼՀԿ հայտարարությունն այն առումով, որ բոլոր ոլորտներում կան ձախողումներ:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնչեցվող հայտարարություններին, թե ՀՀ-ն ձախողել է բանակցությունները, Մարուքյանն ասաց. «Հայաստանում չկա և չի եղել այնպիսի իշխանություն, որը պատրաստ է գնալ ոչ հայանպաստ լուծման: Երբ կլինի կոնկրետ փաստաթուղթ, որի շրջանակում մեզ կառաջարկվի ոչ հայանպաստ լուծում, և ՀՀ-ում կլինի իշխանություն, որ կգնա այդ լուծմանը, այդ իշխանությունը մի քանի րոպեից կհեռացվի իշխանության ղեկից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել