ԱՄՆ-ում Յելոուսթոունի ազգային պարկն ամեն տարի գրավում է հազարավոր զբոսաշրջիկների։ Արգելանոցը տեղակայված է միանգամից երեք նահանգի տարածքներում և մեծ քանակությամբ գեյզերներ, բազմազան ֆլորա ու ֆաունա ունի։ Այն հիմնվել է 1872 թ., հետևաբար պաշտոնապես համարվում է առաջին ազգային պարկն աշխարհում։ Այգու ամենանշանակալից տեսարժան վայրերից մեկը Մեծ պրիզմատիկ աղբյուրն է, որի մասին առաջին հիշատակումներն արվել են 19-րդ դարում, երբ այն հայտնաբերվել է մի խումբ որսորդների կողմից։ Մարդիկ աղբյուրը նկարագրել էին որպես «եռացող լիճ»։

Գեյզերը մեծությամբ առաջինն է ԱՄՆ-ում և երրորդը ողջ աշխարհում։ Մոտավոր չափսերն են 75 x 91 մ, իսկ խորությունը կազմում է շուրջ 50 մ։ Պրիզմատիկ աղբյուրի ջուրը երկնային կապույտ երանգ ունի, քանի որ գտնվում է վառ գույների կողքին։ Նման արտասովոր գունային համադրության պատճառը գեյզերում ապրող պիգմենտացված միկրոօրգանիզմներն են, որոնք ապրում են միայն աղբյուրի ափային հատվածներում, որտեղ ջուրը լի է հանքանյութերով։ Օրգանիզմների գույնը փոփոխվում է և կարող է լինել դեղին, կարմիր ու կանաչ՝ կախված քլորոֆիլի և կարոտինոիդների քանակությունից։

Գույնի վրա իր ազդեցությունն է ունենում նաև տարվա եղանակը: Այսպես, ձմռանը գեյզերը մուգ կանաչ երանգ է ստանում՝ քլորոֆիլի շնորհիվ, իսկ ամռանը՝ կարմրա-նարնջագույն, քանի որ բակտերիաները մեծ քանակությամբ պաշտպանական պիգմենտներ են արտադրում Արեգակի ուժեղ ճառագայթման հետևանքով։

Գեյզերի կենտրոնում ջուրը շատ բարձր ջերմաստիճան ունի, ինչի շնորհիվ այն լիովին ստերիլ է։ Իսկ նման գեղեցիկ երկնագույն այն ստանում է այն բանի շնորհիվ, որ ջրի մոլեկուլները ցրում են ցերեկային ճառագայթները կապույտ դիապազոնով։ Յուրաքանչյուր րոպե գեյզերը վեր է մղում 71 աստիճան տաքություն ունեցող մինչև 2000 լ ջուր։

Գեյզերին մոտենալն արգելվում է, քանի որ շատ վտանգավոր է։ Զբոսաշրջիկների համար մի կողմից կառուցվել է հատուկ կամուրջ, որի վրայից, սակայն, այն ամբողջությամբ ու ողջ գեղեցկությամբ չի երևում, քանի որ շատ մեծ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել