168.am-ը գրում է.

20-րդ դարի հայ ականավոր բանաստեղծ Համո Սահյանի որդին՝ Նաիրի Սահյանը, 2018 թվականի իրադարձություններից հետո հեղափոխություն ակնկալում էր մշակույթի ոլորտում, սակայն, ըստ նրա, ինչպես բոլոր ոլորտներում, այնպես էլ մշակույթում՝ հեղափոխություն ասվածը տեղի չունեցավ։

168 TV «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Նաիրի Սահյանը շեշտեց նաև, որ այդ փոփոխությունների ցուցիչը կարող էր լինել, օրինակ, այն, որ, ի վերջո, Երևանում տեղադրվեր ականավոր գրողի արձանը, ինչի մասին ինքն ահազանգում է դեռևս 2014 թվականից։

«Համո Սահյանը մեր ազգի մեծագույն բանաստեղծներից մեկն է, եթե երկու անուն պետք է տանք, ապա մեկը Սահյանի անունն է լինելու, և հիմա այդ մարդու հուշարձանը մայրաքաղաքում չդնելը նշանակում է՝ ուղղակի արվեստին խփել։ Ես քաղաքականության մեջ չեմ, չի էլ հետաքրքրում, բայց ինձ մոտ հույս կար, որ ինչ-որ փոփոխություն լինի, որովհետև ժողովրդի 80 տոկոսը հենց այդ փոփոխության համար էր ձայն տալիս, բայց ես որևէ փոփոխություն չեմ տեսնում, իսկ եթե իրենք ասում են, որ հեղափոխություն է եղել, ապա ասեմ՝ գուցե եղել է, եղել է այնպես, որ, երբ Համո Սահյանի և Ստեփան Զորյանի համար միջոցառում կազմակերպելու նպատակով դիմեցի ԿԳՄՍ նախարարություն, որ մի քիչ փող տան, մերժեցին։ Համո Սահյանին ու Ստեփան Զորյանին մերժեցին, բայց ֆինանսավորեցին հրապարակում այն «Հուզանք ՈՒ Զանգ» միջոցառման համար։ Հիմա ես ի՞նչ մտածեմ՝ մտածում եմ՝ կա՛մ չեն հասկանում, կա՛մ իրենց ասվել է, որ Համո Սահյանն ավելի կարևոր չէ, քան այդ իմ ասած միջոցառումը»,- ասաց Նաիրի Սահյանը։

Նրա փոխանցմամբ՝ Համո Սահյանի արձանի տեղադրման համար անհրաժեշտ է 53 միլիոն դրամ, 2014 թվականին հայտարարվել է մրցույթ, ընտրվել է քանդակագործ, ավելին, Օղակաձև զբոսայգու տարածքում արդեն կատարվել է հողհատկացում, սակայն երկու ամիս առաջ կրկին, երբ դիմել է Կառավարություն արձանի տեղադրման հարցով, ասել են, որ Սահյանի արձանի տեղադրման հարցը դեռ հերթի չեն դրել։

«Ես չեմ հասկանում՝ ի՞նչ է նշանակում՝ հերթի չի դրվել, ի՞նչ է՝ պետք է գնայի և ասեի՝ վերջն ո՞վ է։ Գիտեք՝ ես հասկանում եմ, որ սրա պատճառն այն է, որ սրանք փողոցից եկած մարդիկ են և չեն կարողանում տարանջատել կարևորը երկրորդականից։ Այստեղ արձանի հարցը չէ արդեն, սա գալիս է նրանից, որ Արևմուտքից թելադրված օրենքներով են ցանկանում ապրել։ Օրինակ՝ եթե թարգմանեին Սահյանի պոեզիան, Սահյանը շունչ կտար, մինչդեռ մենք այսօր ծուխ ենք շնչում։ Ինչ վերաբերում է նրան, որ 53 միլիոն դրամ գուցե չկա, փող չունեն, ապա, չուզենալով մտնել իշխանավորների արած ծախսերի մեջ, այնուամենայնիվ պետք է հիշեցնեմ, որ ինչ-որ մեկի տունը 2 միլիոն դոլարով վերանորոգում էին, և ստացվում է՝ ժողովրդի փողն իրենց համար ափսոս չէ, իսկ այն, ինչ պատմության համար պետք է ծախսվի, ափսո՞ս է։ Ինձ համար հա՛մ ծիծաղելի է, հա՛մ լացս է գալիս, որ Համո Սահյանի արձանի ճակատագիրը պետք է որոշեն Հայկ Մարությանն ու Արայիկ Հարությունյանը։ Մի՞թե նրանք պետք է որոշեն այդ հսկայի արձանի ճակատագիրը, սա ցավալի է»,- ասաց Սահյանը՝ նշելով, որ հրապարակում հավաքված ամբոխը պարզապես սխալվել է իր կատարած ընտրության մեջ։

Ինչ վերաբերում է մարդու սխալվելու իրավունքին, որի մասին երեկ ծավալուն անդրադարձ էր կատարել վարչապետ Փաշինյանը, ապա, ըստ Նաիրի Սահյանի, եթե խոսքը սխալը ներելու մասին է, ապա առաջինը պետք այդ սխալը ներվի Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին ու Լևոն Տեր-Պետրոսյանին։

«Այդ ինչո՞ւ Փաշինյանի սխալը կներվի, նրանցը չի ներվի»,- հարցրեց գրողի որդին։

Ըստ նրա՝ 2018 թվականից հետո առհասարակ հայ գրողի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն կա, և այդ փոփոխությունն այնքան վատ է, որ չի մեղմում անգամ այն, որ վարչապետ Փաշինյանը մեկ-երկու անգամ Համո Սահյան է կարդացել։

«Եթե Փաշինյանը Համո Սահյան սիրեր այնքան, որքան արտասանում է, կհետաքրքրվեր, թե Սահյանի ժառանգն ինչով է զբաղվում, Սահյանի կենտրոնից ինչ կա-չկա, ինչով կարող է օգնել։ Կարծում եմ՝ արտասանում էր, որովհետև ուղղակի պետք էր։ Ես մի հարց ունեմ վարչապետին՝ պարո՛ն վարչապետ, լավ, ի վերջո, դուք տարբերում եք Համո Սահյանին ինչ-որ մի չինովնիկից. եթե տարբերում եք՝ ապա ես Ձեզ հետ խոսելու բան ունեմ, եթե ոչ՝ ապա չունեմ»,- ասաց նա։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել