168.am-ը գրում է․

Վերջին շրջանում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է արժեզրկման ռեկորդներ գրանցել ամերիկյան դոլարի և եվրոյի նկատմամբ։ Fed-ի տոկոսադրույքների որոշումները ազդել են նաև արտարժույթի շուկայի վրա։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի արտարժույթի շուկայում սեպտեմբերի 17-ի դրությամբ 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրան կրկին արժեզրկվել է՝ կազմելով 7․5605: Իսկ 1 եվրոյի դիմաց սահմանվել է 8․91 թուրքական լիրայի փոխարժեք։

Այս ցուցանիշները նոր ռեկորդ են թուրքական լիրայի պատմության մեջ։

Նշենք, որ օգոստոսի 21-ին նախորդող օրերին արձանագրվում էր լիրայի որոշակի արժևորում, ինչը կապված էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից լավ լուր հայտնելու սպասումների հետ։

Այդ ընթացքում ամերիկյան արժույթը վերջին ռեկորդից (1դոլար/7.34լիրա) նահանջել էր մինչև 1 դոլարի/7.22 լիրա փոխարժեքին։

Սակայն Սև ծովում 320 մլրդ խմ բնական գազի պաշարներ հայտնաբերելու մասին Էրդողանի հայտարարությունից շատ չանցած կրկին լիրան սկսեց զիջել դիրքերը՝ վերադառնալով արժեզրկման վերջին պատմական ռեկորդի մակարդակին (1 դոլար/ 7.35)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել