168.am-ը գրում է.

168.am-ը հայ-ռուսական հարաբերությունների, ՌԴ մեկնել ցանկացող Հայաստանի քաղաքացիների բողոքի, գազի սակագնի և այլ հարցերի շուրջ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի հետ։

– Պարոն Սանդիկով, տևական ժամանակ է` ՌԴ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ ՀՀ իշխանություններից պահանջելով բանակցել իրենց ռուս գործընկերների  հետ, որպեսզի իրենք կարողանան մեկնել ՌԴ։ Նշեմ, որ բողոքողներն այն քաղաքացիներն են, որոնք կորոնավիրուսից առաջ եկել են Հայաստան և սահմանների փակվելուց հետո մնացել այստեղ։ Հասկանալի է, որ երկրում կորոնավիրուսի համավարակ է, բայց այդուհանդերձ, հնարավոր չէ՞ որևէ կերպ ՌԴ-ի հետ այս խնդրով բանակցել և մարդկանց հնարավորություն տալ մեկնելու։

– Իհարկե, բոլորս էլ լավ հասկանում ենք, որ փակ են ոչ միայն ՌԴ-ի ճանապարհները, այլև աշխարհի շատ ու շատ երկրների՝ պայմանավորված նոր կորոնավիրուսով։ Այստեղ կարևոր և սկզբունքային հարց է, որ Հայաստանի սահմանները բաց են Հայաստան եկողների համար, իհարկե, ինքնամեկուսացման կամ թեստ հանձնելու պայմանով, և բաց են ցանկացած երկիր մեկնել ցանկացողների համար, եթե ընդունող երկիրը պատրաստ է։ Ռուսաստանի Դաշնությունն այս պահին չի ընդունում օտարերկրյա քաղաքացիներ՝ պայմանավորված համաճարակային իրավիճակով, ոչ միայն Հայաստանից, այլև աշխարհի տարբեր երկրներից։ Իհարկե, վերջին մեկ ամսվա ընթացքում մենք զգում ենք մեղմացումներ ՌԴ-ի հետ վիզային ռեժիմ ունեցող երկրների համար։ Իսկ  Հայաստանի հետ կապված՝ այս պահին իրավունք ունեն ՌԴ մեկնել այն անձինք, որոնք ունենք մերձավոր հարազատներ այնտեղ ,կամ գնում են բուժման նպատակով։ Ինչ վերաբերում է  անխտիր բոլորի համար, թե՛ աշխատանքի, թե՛ տուրիզմի նպատակով մեկնելու համար, բոլորս էլ հասկանում ենք, որ պետք է մտնենք իրավիճակի մեջ, որ ցանկացած երկիր ինքն է որոշում, թե որ պահին բացի իր սահմանները, որովհետև դրա հետևանքները բոլորս էլ շատ լավ հասկանում ենք։

– Շատերն այս իրավիճակը կապում են հայ-ռուսական հարաբերությունների հետ՝ նշելով, որ այժմ երկու երկրների հարաբերություններում խութեր կան, նախկինի նման չեն զարգանում, կիսո՞ւմ եք այդ կարծիքները, հայ-ռուսական հարաբերություններում կա՞ն խոչընդոտներ։

– Ի պատասխան դրան՝ մեջբերեմ «Կովկասի գերուհի» ֆիլմից մի արտահայտություն, հիշո՞ւմ եք, որ ասում է՝ «եկեղեցի՞ն էլ եմ ես ավերել»։ Իրականում հայ-ռուսական հարաբերություններն այս համատեքստում բացարձակ կապ չունեն։ Իմաստ չունի մեկը մյուսով պրոյեկտել։ Այլ բան կլիներ, եթե, դիցուք, ՌԴ-ն սահմանները բացեր անխտիր բոլորի համար, բացի Հայաստանից, այստեղ մենք կկարողանայինք տեսականորեն որևէ քաղաքական ենթատեքստ տեսնել։ Բայց եթե սահմանները փակ են բոլոր երկրների համար, և սահմանների փակ լինելը պրոյեկտում են երկու երկրների հարաբերությունների վրա՝ տարակուսելի է։

– Առհասարակ Դուք հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն տեսնո՞ւմ եք։

– Այդ թեմայով քանիցս առիթներ ունեցել ենք խոսելու, լարվածություն՝ որպես այդպիսին, չկա, և լարվածության մասին լուրերը կամ դրանց անընդհատ օրակարգ բերելն ավելի շատ միտված են հենց այդ հարաբերությունները վատթարացնելուն։ Սակայն գործընթացներն այլ բան են ցույց տալիս, մինչև կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները նկատեցինք Ռուսաստանի քաղաքական վերնախավի գրեթե բոլոր ներկայացուցիչների պաշտոնական այցեր Հայաստան, մեր վարչապետի և տարբեր պատվիրակությունների տարբեր ձևաչափերով այցեր ՌԴ։ Չխոսեմ ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության, առևտրաշրջանառության աճի մասին, որն արձանագրվում է հենց վերջին տարիների ընթացքում։ Ուստի գործը խոսում է բոլորովին հակառակի մասին։

– «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից վերջերս մեր պաշտոնական հարցմանն ի պատասխան՝ ասել էին, որ մինչև տարվա վերջ 1000 աշխատատեղ պետք է կրճատվի՝ պայմանավորված գազի սակագնի բարձրացմամբ։ Առհասարակ այս հարցն իր մեջ քաղաքական ենթատեքստ պարունակո՞ւմ է՝ հայ-ռուսական հարաբերությունների առումով։

– Անկեղծ, ես տեղյակ չէի, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում սպասվում են կրճատումներ։ Կարծում եմ՝ տնտեսական մոդելով աշխատող ցանկացած գործարան, ընկերություն, եթե գնում է կրճատումների՝ նպատակ ունենալով  խնայողություններ կատարել, ապա պետք չէ դրանում քաղաքական ենթատեքստ տեսնել։ Ըստ իս, ընկերության ղեկավարությունը որոշակի քայլեր է ձեռնարկում   խնայողություններ ունենալու և սակագնի հետայսու բարձրացում չանելու համար։ Համոզված եմ, որ, եթե տեսականորեն այս կամ այն ընկերությունում լինեն կրճատումներ, որի արդյունքում հնարավոր է խնայողություններ ապահովել և սակագինը չբարձրացնել, ապա այս 1000 աշխատողի համար, որոնք կրճատվում են, մենք՝ որպես իշխանություն, կկարողանանք քայլեր ձեռնարկել, որպեսզի այդ մարդիկ առանց աշխատանքի չմնան։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել