News.am-ը գրում է․

NEWS.am-ի խմբագրություն է դիմել Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի բնակիչ Գևորգ Մկրտչյանը՝ ներկայացնելով մի շարք հարցեր, որոնք ուզում է ստանալ պատկան մարմիններից։ Խոսքը դպրոցում դիմակ կրելու պարտադրանքի մասին է, որի հիմնավորումն, ըստ նրա, ոչ մի գերատեսչություն չի կարողանում տալ։

«Կրթության նախարարություն եմ զանգում ոնց որ միջնադար լինի, մեկն ասում է՝ զանգի մյուսին, էն մեկը՝ էն մյուսին ու ոչ մեկը հարցերիս հստակ պատասխան չի տալիս։ Պարզ չէ դիմակ կրելու պարտադրանքն իրավական նորմերի ակտով է ամրագրվա՞ծ, թե ինչ-որ մեկի մտքով անցել է ուղեցույց հորինել և դրա լույսի ներքո երեխաները պարտավորվել են դիմակ կրել»,- ասաց քաղաքացին։

Գևորգ Մկրտչյանը երկու երեխան ունի՝ 16 և 17 տարեկան։ Երեխաները դեմ են դիմակ կրելու պարտադրանքին։ Ասում է՝ աղջիկը բարձր աստիճանի կարճատեսություն ունի։

«Դիմակ կրելով, շնչառության վատթարացման պատճառով ավելի են ուժեղանում աղջկաս գլխացավերը, հոգնածություն է առաջանում։ Ինձ համար շատ մեծ հարցական է՝ կորոնավիրո՞ւս, թե՞ դիմակի բիզնես։ Համավարակի սկզբում տեղաշարժման թերթիկ, ոչ թե դիմակ, հետո տեսան, որ դիմակը շահավետ է։ Ես առաջիկայում վիճարկելու եմ պարետի «սրբադասված» որոշումը, որ ինձ տուգանքի մատերիալ դարձնելով տուգանեցին 100 000 դրամով, հետո դա նվազեցրեցին մինչև 10 000 դրամ։ Ինձ համար պարզ չի՝ պարետը օժտվա՞ծ էր իրավական ակտեր կայացնելու որոշմամբ»,- նշեց քաղաքացին։

Գևորգ Մկրտչյանն ակնկալում է, որ կբեկանվի պարետի որոշումը։ Քաղաքացին ասում է՝ եթե դիմակ կրելու հետևանքով առողջական խնդիրներ առաջանան երեխաների համար, ապա նա, ով դիմակ կրելը պարտադիր է դարձրել, պատասխանատվություն է կրելու։

«Ուզի-չուզի պիտի կրի, որովհետև եթե մի բան դու պարտադրում ես, հետևանք է առաջանում, պիտի պատասխան տաս։ Հիմա մենք չգիտենք՝ ո՞վ է դրա պատասխանատուն, եթե իրենք ուղեցույց են հրապարակել, դրա հետ մեկտեղ մի հատ թղթի կտոր չկա՞ր, որ վրան գրեին, որ այդ ուցեցույցը բխում է ինչ-որ իրավական ակտից»,- հավելեց Գևորգ Մկրտչյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել